Լուրեր
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
13.11.2014
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով 2015թ-ի բյուջեի նախագծին, նշել է, որ ՀՀ կառավարությունն ի զորու է իրականացնելու ծրագրած տնտեսական քաղաքականությունը: Ըստ պատգամավորի՝ այսօր երկրի առջեւ ծառացած են աղքատությունն է ու արտագաղթը, որոնց կառավարությունն ի վիճակի է դիմակայել:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված աշխատավարձերի, կենսաթոշակների, պատվովճարների բարձրացմանը: Պատգամավորը ողջունելի է համարել հատկապես ՀՀ արտաքին գերատեսչությանը հատկացված միջոցների ավելացումը:
Էդմոն Մարուքյանը նկատել է, որ 2015թ.-ի բյուջեն զարգացման բյուջե չէ. այն միտված է պահպանելու նախկին ֆինանսական հատկացումները, մասնակիորեն բարձրացնելով աշխատավարձերը: Նա անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման, ծնելիության խթանման հարցերին, դոտացիաների ավելացման անհրաժեշտությանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմքում ռազմավարական տեսլական չկա: Պատգամավորն անդրադարձել է աղքատության հաղթահարման խնդրին, համայնքներին տրվող դոտացիաներին:
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ երկրի տնտեսության դիմադրողականությունը ցածր է, բարձր՝ գործազրկության մակարդակը: Փաստաթղթի կարեւոր խնդիրը պետության նպատակների արտացոլումն է, որը, ըստ պատգամավորի՝ արտացոլված չէ բյուջեի նախագծում: Նրա բնորոշմամբ , բյուջեում կան դրական միտումներ՝ այն է հարկային ծախսերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, եկամտային հարկով շինարարության ոլորտի խթանում:
Արամ Մանուկյանն էլ անդրադարձել է բյուջեում պահուստային ֆոնդի առկայությանը եւ աշխատակազմերի պահպանման ծախսերի բարձր ֆինանսավորմանը: Անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող ռեֆորմներին՝ նա նկատել է, որ նվազել է ուսանողների ու աշակերտների թվաքանակը:
Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից ՝ արտահերթ ելույթ են ունեցել նաեւ կառավարության անդամները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ 2015թ.-ին առողջապահության ոլորտին հատկացվել է 83.5 մլրդ դրամ: Ըստ նախարարի ՝ հատկացումների 83 տոկոսը կամ 67 մլրդ դրամն ուղղվելու է հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը:
Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ ավելացվող գումարների հիմնական մասը կուղղվի 2015 թ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը: Նախարարը նշել է, որ 2015թ-ին նախատեսվում է փոխհատուցել 300 հազ. հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկման դեպք: Ավելացվող միջոցներից 760 մլն դրամը կուղղվի հուլիսի 1-ից հիվանդանոցային բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
Նախարարն անդրադարձել է նաեւ 2014թ-ից պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական օգնության կազմակերպման եւ դրանց ծախսերի փոխհատուցմանը, սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացմանը, արտասահմանյան առաջատար կլինիկաներում փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներին եւ կառավարության համար գերակա համարվող մոր եւ մանկան առողջության պահպանմանը:
ՀՀ էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է տնտեսության իրական հատվածի զարգացման նպատակով այն հիմնական ծրագրային շեշտադրումներին, որոնք թույլ են տալու իրականացնել 2015թ-ի համար ՀՀ կառավարության ծրագրերը: Նախարարը տեղեկացրել է, որ արտաքին միջավայրի՝ մասնավորապես գործընկեր երկրների, տնտեսական վիճակով պայմանավորված, ռիսկերը նկատելի են դարձել, ինչն ազդում է ընթացիկ տարվա ծրագրված համախառն ներքին արդյունքի, 2015թ-ին կանխատեսվող համախառն արդյունքի աճի ցուցանիշի վրա:
Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ 2015թ-ին տնտեսական զարգացման քաղաքականության օրակարգում շարունակվելու են տնտեսության դիվերսիֆիկացման խորացման բարեփոխումները, լինելու են նոր նախաձեռնություններ՝ ուղղված պետություն եւ մասնավոր հատվածի առավել սերտ համագործակցությանը եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն, ինչպես նաեւ ներդրումային միջավայրի ընդլայնմանը:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է Ռուբիկ Հակոբյանը: Նա խոսել է կառավարության գործունեության վերաբերյալ, գործարար հատվածի խնդիրներից, կարեւորել համապատասխան օրենսդրական փոփոխություններով ընդդիմությանը վերահսկիչ լծակներով ապահովելը: Պարոն Հակոբյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:
ՀՅԴ խմբակցության տեսակետի մասին խոսել է խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա գնահատմամբ՝ բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի մասով չկա համակարգված մոտեցում, անորոշ են բյուջեի նպատակային ու թիրախային ցուցանիշները: Նշվել է, որ բյուջեի նախագիծը, ունենալով դրական հատկանիշներ, չի կարող դիմագրավել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղված միջոցներին, գերավճարների աճին, բիզնես ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով՝ ներկայացված փաստաթուղթը չի նախատեսում երկրի զարգացմանն ուղղված ծախսեր ու քայլեր: Նշվել է, որ ՀԱԿ-ը դեմ է ներկայացված փաստաթղթին:
Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը բյուջեի նախագծի վերաբերյալ՝ Միքայել Մելքումյանը կարեւորել է արդյունաբերության զարգացումը, անդրադարձել փոքր ու միջին բիզնեսի զարգացման ու հարկային քաղաքականության խնդիրներին: Նա տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն դեմ է բյուջեի նախագծին:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշել է, որ 2015 թ. տնտեսական զարգացման քաղաքականության հիմքում դրված է գործարար միջավայրի բարելավումը, արտահանման զարգացումը, հանքահումքային ոլորտի զարգացումը: Պարոն Մելիքյանը ներկայացրել է ոլորտային հատկացումները եւ նշել, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու: Նշվել է, որ ՀՀԿ-ն բյուջեի նախագիծը համարում է իրատեսական, հավասարակշռված, այն արտացոլում է երկրում արձանագրված դրական միտումները, ապահովում է ՀՆԱ-ի իրական աճ, ընթացիկ հաշվի եւ բյուջետային դեֆիցիտի նվազում: Նա ընդգծել է, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, միտված է ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավմանը, արտագաղթի, գործազրկության եւ աղքատության նվազեցմանը:
Հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա անդրադարձել է բյուջեի նախագծի քաղաքական կողմին եւ իր նկատառումներն է ներկայացրել: ԱԺ փոխնախագահը համաձայնել է հնչեցված այն տեսակետների հետ, որ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն ցավով նշել է, որ չեն հնչեցվում այդ խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ: Անդրադառնալով պատգամավորների ելույթներին՝ նա կոչ է արել զերծ մնալ ամբոխահաճո հայտարարություններից եւ լինել իրատեսական: Պարոն Շարմազանովի համոզմամբ՝ բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, քանի որ ծախսերի 47 տոկոսից ավելին սոցիալ-մշակութային ուղղվածության են: Ընդգծելով, որ ՀՀ համար անվտանգության եւ պաշտպանության խնդիրներն ամենաարդիականն են՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ 2015 թ. բյուջեով ավելանում են պաշտպանությանն ուղղված ծախսերը: Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ կառավարությունն ականջալուր է պատգամավորների բոլոր առաջարկներին: «Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, ունենք պատասխանատվություն մեր ժողովրդի առջեւ եւ այդ պատասխանատվությունից ելնելով ենք առաջարկում կողմ քվեարկել այս բյուջեին, որովհետեւ այն իրատեսական է, ունի սոցիալական հստակ ուղղվածություն եւ ավելի ուժեղ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար եւ վստահեցրել, որ բոլոր առաջարկները կքննարկվեն եւ ընդունելի լինելու պարագայում հաշվի կառնվեն:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բյուջեի քննարկման ընդմիջում է հայտարարել առնվազն չորս օրով եւ պատգամավորներին տեղեկացրել, որ առաջարկներ կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Բյուջետային քննարկումների ավարտից հետո խորհրդարանն սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ խորհրդարանին առաջարկում է ընդունել որոշման նախագիծ, ըստ որի՝ այս նստաշրջանի ընթացքում նախատեսվում է բարեփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ մասնավորապես, անցնել ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի, սահմանել ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգ, կատարելագործել քվեարկության արդյունքների հաշվառման համակարգը եւ այլն: Որոշման նախագծի երկրորդ կետով ԱԺ նախագահին առաջարկվում է ԱԺ խմբակցություններից ձեւավորել աշխատանքային խումբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ նախապատրաստելու եւ Ազգային ժողովին ներկայացնելու համար:
Մտքերի փոխանակության ընթացքում Ռուբիկ Հակոբյանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին աշխատանքային խմբի ձեւավորմանը, կուսակցությունների կողմից ցուցակների կազմմանը, ընտրողների թվին եւ ընտրություններին նրանց մասնակցությանը, պետական բյուջեից կուսակցությունների ֆինանսավորման չափին, ընտրակեղծիքներին եւ այլն:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայի նիստերի ընթացքում: