Լուրեր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2014Թ. ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄԱՐԻՈ ՄԱՑՑՈԼԱՅԻՆ
12.11.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային, ով արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակին:
Հանրապետության Նախագահը ողջունել է Մարիո Մացցոլային և նրա տիկնոջը՝ Լուչիանա Կավալետին, Հայաստանում: Խոսելով ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակ հիմնելու նպատակի մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այն միանգամայն արդարացված էր. ոլորտում արդեն իսկ որոշակի հաջողություններ կան, Հայաստանում երիտասարդները հաճույքով են ներգրավվում հեռանկարային դարձած ՏՏ ոլորտ, մեծ է հետաքրքրությունը նաև դպրոցականների շրջանում, որոնց համար հիմնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, և այժմ նպատակ կա մոտակա տարիներին Հայաստանի բոլոր մարզերում հիմնել այդպիսի կենտրոններ: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացրած ժամանակը նաև հնարավորություն կտա Մարիո Մացցոլային՝ ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին:
Մարիո Մացցոլան շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և նշել, որ իր, իր տիկնոջ և դստեր համար սա անմոռանալի իրադարձություն է: Հայաստանում գտնվելու այս օրերին իրենք ամբողջությամբ զգացին հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը, հասցրեցին նաև շատ լավ բարեկամներ ձեռք բերել: Մարիո Մացցոլան ներկայացրել է այցի շրջանակներում ունեցած իր հանդիպումները և դրանցից ստացած տպավորությունները, գոհունակությամբ նշելով, որ առիթ է ունեցել այցելելու Մատենադարան, ծանոթանալու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած ներդրման վկայություններին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նա նշել է, որ բավականին տպավորված է «Թումո» կենտրոնով, որը մեծ հնարավորություն է բացում երեխաների համար՝ ՏՏ ոլորտում ապագայում հաջողությունների հասնելու ճանապարհին:
«Պարո՛ն Նախագահ, մեծապես տպավորված եմ, զգացված և երջանիկ այն հնարավորության համար, որ ընձեռել եք ինձ և իմ ընտանիքին՝ գտնվելու Հայաստանում և զգալու այն ջերմությունն ու ուշադրությունը, որին մենք արժանանում ենք»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Մարիո Մացցոլան:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Մարիո Մացցոլայի և տիկին Լուչիանա Կավալետի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:
***
Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ
Մարիո Մացցոլան Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի հինգերորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, իսկ չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: