Լուրեր

Ազգային ժողովը շարունակել է բյուջետային քննարկումները

12.11.2014

 Նոյեմբերի 12-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Կազմակերպված քվեարկության արդյունքում չի ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցում ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի դիրքորոշումը բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի վերաբերյալ, նշել է, որ դրանք հիմնավոր են եւ օրինական: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական միջոցները բավարար են, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումները եւ սպառազինությունների մրցավազքի հանգեցնող նախադրյալները, իրավիճակը թելադրում է ավելի մեծ ռազմական բյուջե՝ երկրի պաշտպանողականության մակարդակը զգալիորեն բարձրացնելու համար:

Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ են ունեցել նաեւ ՀՀ կառավարության անդամները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցների մակրոցուցանիշները, ծրագրային դրույթներն ու առաջնահերթությունները: Ըստ նախարարի՝ ոլորտում հատկացված միջոցների մոտ 80 տոկոսն ուղղվելու է կենսաթոշակառուների կենսաթոշակի բարձրացմանը, ինչը նաեւ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություններից է: Արտեմ Ասատրյանն անդրադարձել է այն ծրագրերին, որոնք ուղղվելու են խոցելի խմբերին:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ պետական բյուջեից հատկացվող միջոցները եւ ծրագրերը նպատակաուղղվելու են ոլորտում էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրն ու ՀԲ աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը: Պարոն Զախարյանը ներկայացրել է նաեւ էներգահամակարգի ներկա իրավիճակի վերլուծությունը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի ֆինանսական հատկացումները եւ իրականացվելիք ծրագրերը: Նշվել է, որ 2015 թ. ընթացքում իրականացվելու է քրեակատարողական օրենսդրության ամբողջական բարեփոխման ծրագիրը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի թվայնացման աշխատանքը: Մի շարք ծրագրեր են իրականացվելու, որոնք կլուծեն քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը եւ դատապարտվածների ու կալանավորված անձանց համար կապահովեն բարենպաստ պայմաններ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բարենպաստ պայմաններ կստեղծի գյուղատնտեսական արտադրության զարգացման եւ արտահանման ծավալների մեծացման համար: Նա նշել է, որ նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրերը, գյուղատնտեսության ոլորտի կայունացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը:

Բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով բյուջետային ցուցանիշներին, բավարար չի համարել կանխատեսվող 4.1 տոկոս տնտեսական աճը: Հակոբ Հակոբյանը կարեւորել է միասնական պետական վճարովի համակարգի ձեւավորումը, խոսել աշխատավարձերի բարձրացումից: Տիգրան Ուրիխանյանը բյուջետային մուտքերի ապահովման հարցում կարեւորել է հատկապես մանր ու միջին ձեռներեցության զարգացումը: Հրանտ Բագրատյանը խոսել է բյուջետային հատկացումների արդյունավետ բաշխվածության, ներդրումային միջավայրը եւ տնտեսության վիճակը բարելավվելու անհրաժեշտությունից: Միքայել Մելքումյանն անդրադարձել է ոլորտային հատկացումների տրամաբանությանը, բյուջեի կազմման առանձնահատկություններին: Ըստ նրա՝ փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական է, այլ նաեւ քաղաքական: Այս հարցում պարոն Մելքումյանի հետ համակարծիք է եղել նաեւ Հովհաննես Մարգարյանը: Նա խոսել է գործազրկության, արտաքին պետական պարտքի, մասնավոր տրանսֆերտների, սոցիալական ոլորտներում առկա խնդիրներից: Վահան Բաբայանի գնահատմամբ՝ ներկայացված է զարգացում չապահովող բյուջե: Նա անդրադարձել է գյուղատնտեսության, սոցիալական եւ մի շարք այլ ոլորտներում առկա խնդիրներին, նշել, որ ֆինանսական միջոցները հաճախ ուղղվում են ոչ առաջնային խնդիրների լուծմանը: Թեւան Պողոսյանը կարեւորել է ծրագրային բյուջետավորման համակարգի օր առաջ կիրառումը, առաջարկներ ներկայացրել պահուստային ֆոնդից ֆինանսավորվող ծրագրերի մասով: Մհեր Շահգելդյանը եւս բյուջեն որակել է քաղաքական փաստաթուղթ: Ծրագրային բյուջետավորման համատեքստում նա անդրադարձել է միջնաժամկետ ծախսային ծրագրերի եւ բյուջեի փոխկապակցվածությանը, արտահանման տեմպերին, արտագաղթի խնդիրներին:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի վաղվա նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին