Լուրեր

«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը». քաղաքապետ Տարոն Մարգարյան

08.11.2014

 Երևանում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել նաև մայրաքաղաքի նորակառույց այգիները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների ու մայրաքաղաքի բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև վերջերս շահագործման հանձնված Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում: Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հստակ քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ նշված այգին վերակառուցելու և այն իրենց համար իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար: Քաղաքապետն էլ իր հերթին հորդորել է նրանց մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին. «Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է անձամբ հետևի մեր քաղաքի մաքրությանը, նաև նպաստի կանաչ տարածքների պահպանմանն ու ավելացմանը: Այսօր նաև համաքաղաքային շաբաթօրյակ է, միջոցառում, որը տարին մի քանի անգամ կազմակերպում ենք: Սակայն փաստ է, որ աշխարհի և ոչ մի քաղաք միայն մաքրելով ու պարբերաբար կազմակերպվող շաբաթօրյակներով չի կարող մշտապես մնալ մաքուր: Մաքուր քաղաք ունենալու գլխավոր նախապայմանը քաղաքը միշտ մաքուր պահելն է, սրտացավ վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Կասկած անգամ չունեմ, որ Երևանի յուրաքանչյուր բնակիչ մեր քաղաքին վերաբերվում է որպես տան: Եվ այդ համոզմունքով էլ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը: Ու ես վստահ եմ, որ մենք միասին մի օր առանձնակի կհպարտանանք մեր քաղաքի մաքրությամբ՝ այն ներքին զգացումով, որ դրանում կա նաև մեզանից յուրաքանչյուրի լուման»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ քաղաքապետը այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ևս մասնակցել է ծառատունկի:

← Վերադառնալ ցուցակին