Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
07.11.2014
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ միասնական կամքը եւ ընդունված ու ընդունվելիք որոշումների հետեւողական իրականացումը ամուր հիմք են հանդիսանում Հայաստան-Արցախ փոխգործակցության հետագա զարգացման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ ձեռքբերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է արժանանա Լեռնային Ղարաբաղի բնակիչների հավանությանը: ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների անունից ողջունել է ներկաներին եւ նշել, որ նախորդ նիստի ժամանակ արդեն ուրվագծվել է այսօրվա հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը: ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հունիսին Ստեփանակերտում կայացած քննարկումները բերել են այն ընդհանրական տեսակետին, որ համագործակցության հիմնական ձեւաչափը նպատակահարմար է տեղափոխել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի եւ թեմատիկ քննարկումների դաշտ: Աշոտ Ղուլյանն իր խոսքում անդրադարձել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին եւ այդ համատեքստում բարձր է գնահատել ՀՀ պատվիրակությունների կատարած աշխատանքը: ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին ջերմ ընդունելության ու արդյունավետ քննարկումների մթնոլորտ ստեղծելու համար: Այնուհետեւ նիստի մասնակիցներն անդրադարձել են օրակարգային հարցերին:
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները ամփոփել են համատեղ նիստերը եւ քննարկումները:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է վերջին երկու համատեղ նիստերին կատարված աշխատանքը եւ նշել, որ այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ, եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նույնպես արդյունավետ է գնահատել նախորդ հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցելու երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մակարդակով:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարեւորել է ստորագրված հուշագիրը, որով երկու հանրապետությունները դիտարկվում են որպես ընդհանուր կրթական տարածք, որի կենտրոնը Շուշին է: Պարոն Դավթյանը կարեւորել է ԼՂՀ ԱԺ ներկայացուցչի մասնակցությունը Երիտասարդական խորհրդարանի աշխատանքին: Նա նշել է, որ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսն անցկացվել եւ լայն արձագանք է գտել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Արցախում:
Այնուհետեւ քննարկվել է օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին եւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների հաշվետվություններին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում տիրող իրավիճակը, հայկական պատվիրակությունների ներկայացվածությունը եւ գործունեությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, առաջարկել է նկատի ունենալ, որ այժմ Հայաստանը գտնվում է նոր իրողությունների դաշտում: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ անդամակցությունը ԵՏՄ-ին որոշակի փոփոխություններ է բերում իր հետ, եւ նախապատրաստական աշխատանքների կարիք կա: Տիկին Նաղդալյանն առաջարկել է միջազգային հարթակներում միավորել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերը եւ արտահայտել մեկ միասնական դիրքորոշում: Նա նշել է, որ անհրաժեշտ է վարել նախաձեռնողական քաղաքականություն:
Երկու խորհրդարանների նախագահները նիստի արդյունքներն ամփոփել են համատեղ ասուլիսում: