Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը

31.10.2014

 Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը: ԱԺ նախագահը, շնորհավորելով նոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին բնակարանամուտի առթիվ, նշել է, որ սա եւս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալու նրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության: Ըստ պարոն Սահակյանի՝ համակարգի արդիականացումը չի նշանակում միայն օրենսդրական բարեփոխում, այն նաեւ ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում, աշխատանքային պայմանների բարելավում: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ ամենից առաջ եւ ամենակարեւորն ու առաջնահերթը մտածողության, հոգեբանության փոփոխությունն է համակարգում: «Ամենաժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու օրենսդրական դաշտը կարող են ոչինչ չնշանակել, եթե նոտար-քաղաքացի հարաբերություններում վստահության պակաս լինի»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին եւ իրավաբան լինելուց զատ նա պիտի նաեւ հոգեբանական պատրաստվածություն ունենա: Պարոն Սահակյանը հավելել է, որ նոտարը ոչ միայն իրավական, այլեւ բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու եւ նաեւ ինքն իր առջեւ, որովհետեւ նոտարի գործողությունը պիտի միտված լինի քաղաքացու օրինական շահի պաշտպանությանը եւ պետության հեղինակության բարձրացմանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ համակարգային այն փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք իրականացվել եւ իրականացվում են արդարադատության համակարգում, դրականորեն են արտացոլվում նաեւ նոտարական բնագավառում, եւ ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացումը պետք է դիտարկել այդ բարեփոխումների շարունակականության շրջանակում:

Կրկին շնորհավորելով նոր գրասենյակի բացման առթիվ՝ Գալուստ Սահակյանը մաղթել է, որ նոտարների գործունեությունը մշտապես բխի քաղաքացու, հասարակության, պետության շահերից եւ օրենքից:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, ԱԺ նախագահի հուշանվերով՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանին եւ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանին:

← Վերադառնալ ցուցակին