Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը

30.10.2014

 Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85 ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք:

ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացումն ապացուցում է համագործակցության ամրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական շփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարեւոր բաղադրիչ են»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա իր խոսքում նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջեւ ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում եւս խորհրդարանական բաղադրիչը կարեւոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար:

Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաեւ սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը»,-ասել է նա:

Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմին` միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սա առաջին նիստն է: «Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագա հեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալու ենք նաեւ տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հետ կապված հարցերին եւ տրանսպորտային առկա խնդիրներին»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:

Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական եւ կբխի երկու երկրների ազգային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման արդյունավետ ուղիների որոնման խնդիրը մեր ժամանակների կարեւորագույն հարցերից մեկն է:

Նա նշել է նաեւ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից եւ կառուցել համագործակցության այնպիսի համակարգ, ինչը անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա:

Նա նշել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին: Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է: Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ` հիմնված է փոխշահավետ համագործակցության եւ աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են օրակարգային զեկույցներ, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն եւ այդ դաշտում հետագա անելիքներին:

← Վերադառնալ ցուցակին