Լուրեր

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

30.10.2014

 Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը և վերածնվող բարին։ Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն Հորդանանի իշխանություններին և ժողովրդին այս սրբավայր այցելելու հնարավորություն ընձեռելու համար»,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի, Հորդանանի հոգևոր առաջնորդի և Հորդանանի հոգևոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների և իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաև հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

← Վերադառնալ ցուցակին