Լուրեր

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվել են ՀՀ 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

28.10.2014

 Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն` ոչ միայն ծախսերի ակնհայտ կշռի, այլեւ հասարակության մշտապես արտահայտվող պահանջներին ականջալուր լինելու եւ դրանք հետեւողականորեն կյանքի կոչելու տեսակետից: 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում` միայն կրթության, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով: 2015 թվականին եւս կառավարությունը շարունակելու է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ին միջպետական վարկ տրամադրելու համար նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ: Ըստ վարչապետի՝ տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու ուղղությունների վրա՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման եւ հենքային ոլորտների զարգացում:

Երկակի ստանդարտների բացառման եւ պետություն-տնտեսվարող հարաբերությունները կանոնակարգելու եւ թափանցիկ աշխատելու ուղղությամբ կառավարությունն ակտիվորեն շարունակելու է տեսչական բարեփոխումները: Խոսելով բյուջեում ներկայացված բազմաթիվ ծրագրերից՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանք նպատակաուղղված են Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանը եւ ներդրումների խրախուսմանը` լինի դա միջավայրի ձեւավորման, թե ներդրումային ծրագրերի հավաքագրման եւ տարբեր ձեւաչափերով օտարերկրյա եւ տեղական ներդրողներին ներկայացման ուղղությամբ: Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: 2015 թ. բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ` հասցնելով այն 6 տոկոսի եւ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց 2015 թվականին հատկացնել 1.163.0 մլն դրամ: Վարչապետը նշել է, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում կառավարության գործունեության գերակա ուղղությունն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում` դրանց համալիր մատուցման խնդիրը: Տեղեկացվեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, որի նպատակն է ազգային արժեքների պահպանումը եւ փոխանցումը սերունդներին, արժեհամակարգի ձեւավորումը, հայրենասիրության սերմանումը, հայեցի մտածողության պահպանումը:

Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ կամ 2014 թվականի համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014 թվականի համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014 թվականի համապատասխան ցուցանիշից 3.6 մլրդ դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ պետական պարտքի կայունության պահպանումը շարունակում է մնալ որպես կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Հիմք ընդունելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից` կառավարությունը ծրագրում է 2015 թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով:

Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Խոսելով մակրոտնտեսական ցուցանիշներից՝ նա նշել է, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թ.-ի վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի 83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին: Պետական բյուջեի եկամուտները 2015 թ.-ին նախատեսվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով: Ըստ փոխնախարարի՝ այդ եկամուտների 95.5 տոկոսը կազմելու են հարկային եկամուտները եւ տուրքերը: 2015 թվականին կառավարությունը շարունակելու է դրամաշնորհներ ստանալ մասնավորապես Եվրոպական հարեւանության շրջանակներում: Ներկայացնելով ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298 մլրդ դրամ, որից 92 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը եւ 8 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը:

«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ եզրակացության` 2014 թ.-ի ընթացքում 12-ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է: Պարոն Ջավադյանը նշել է, որ շարունակելով պահպանել պարտքի կայունության ապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը, 2015 թ.-ի համար նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.34 տոկոսի սահմաններում: 2015 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում՝ պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկի վրա պետական սպառման ընդլայնող ազդեցությամբ, եւ մյուս կողմից՝ 2014 թ.-ի հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ:

ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը: Ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 6,299,948.0 հազար ՀՀ դրամ:

← Վերադառնալ ցուցակին