Լուրեր
Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին
23.10.2014
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած փաթեթով առաջարկվել է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում, մասնավորապես` հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, և սա այն հարցը չէ, որ երկու պատգամավորի առաջարկությունով դրական կարծիք տրվի: Ուստի, վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ, ինչը թույլ կտա ընդունել կշռադատված և հանրորեն ընկալելի ու հիմնավորված որոշում:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած` «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել, նկատելով, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում էլ ավելի կբարձրանա հանրային կառավարման արդյունավետությունը: Կառավարությունը մանրակրկիտ հիմնավորումներով դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` օրենդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծով առաջարկվող մայիսի 19-ի փոխարեն դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր, հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ը ընդունել է 1918թ. դեկտեմբերի 9-ին: Ելնելով դրանից, կառավարությունը պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունն ընդունելու դեպքում:
Նույն պատգամավորի ներկայացրած` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության նախագծի ընդունումը կառավարությունը նպատակահարմար չի համարել, իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը ներկայացված տեսքով դեմ է արտահայտվել, հավանություն տալով կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնցով հիմնավորվել են տվյալ նախագծերի ընդունման աննպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ԱԺ կանոնակարգի վերաբերյալ պատգամավորի նախաձեռնությանը, առաջարկել է ողջամիտ ձևակերպումներով փորձել հարցին լուծում տալ խորհրդարանում, իսկ հաջորդ նախագծի վերաբերյալ՝ հեղինակի հետ աշխատել՝ երկուստեք ընդունելի նախագիծ մշակելու համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կսահմանվեն կրթության գնահատման չափելի ցուցանիշներ
Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների համընդհանուր համակարգի ներդրման և գործարկման նպատակով կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը:
Մեկ այլ որոշումով գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին» իր 2010թ. սեպտեմբերի 3-ի թիվ 1334-Ն որոշման մեջ, նպատակ ունենալով կրթության որակի ապահովումը համապատասխանեցնել միջազգային պահանջներին և չափանիշներին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել կրթական հաստատությունների գործունեության արդյունավետությունը, մասնավորապես սահմանել կրթության գնահատման չափելի ցուցանիշներ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների հերթական ընտրությունից առաջ կառավարությունը հաստատել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամների և թղթակից անդամների` ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը:
Շիրակի մարզի Բարձրաշեն բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումը բնականոն կազմակերպելու նպատակով համայնքի կարգավիճակից զուրկ և սակավաթիվ աշակերտներ ունեցող հիմնական չգործող դպրոցը որոշվել է վերակազմակերպել, միացնելով Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին:
Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի հիմնական դպրոցի անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով գործադիրը հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ:
Կառավարությունը համաձայնություն է տվել Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծով և պատմական տարածքի վերակառուցման հայեցակարգով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը մեկ տարով երկարաձգելու որոշման նախագծին:
Միջպետական հարաբերություններ
Կառավարության երկու որոշումներով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն է վերապահել Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը` հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:
500 մլն դրամ՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի համար
Արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունը լրացուցիչ հատկացրել է 500 մլն դրամ՝ համապատասխան փոփոխություն կատարելով 2014 թ. ՀՀ պետբյուջեում և կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1441-Ն որոշման մեջ:
ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1020-Ն որոշումով նախատեսվող` «Զվարթնոց» օդանավակայանի «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի սեփականատերերին Երևանի Բաբաջյան 98/2, 98/5, 98/6 հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերում նոր բնակարաններ տրամադրելու գործընթացն անթերի կատարելու, տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով վերոնշյալ որոշման հավելվածը շարադրվել և հաստատվել է նոր խմբագրությամբ: Որոշումը կայացել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի խնդրանքով՝ հաշվի առնելով ընկերության կողմից ներկայացված նախկին հավելվածում թույլ տրված տեխնիկական վրիպակները:
Կառավարման արդյունավետության բարձրացման, աշխատանքի գնահատման և խրախուսանքի ձևերի կիրառման նպատակով լրացում և փոփոխություն է կատարվել Կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին նախկինում ընդունված որոշման մեջ:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված որոշման մեջ, գործադիրը թույլատրել է ՀՀ ոստիկանությանը սպասարկող գանձապետական բաժանմունքում բացելու «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշիվ, սահմանելով մուտքերի աղբյուրը, ծախսերի ուղղությունը, գործողության ժամկետը:
Կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը օտարել Հայաստանի Հանրապետությանը, որի արժեքը վերջինս կվճարի համապատասխան բաժնետոմսերով, այդ չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը: ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել իր պահուստային ֆոնդից:
Մեկ այլ որոշումով փոփոխություններ և լրացումներ են կատարվել բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշման մեջ, որով կկարգավորվեն բնապահպանական կամ միայն բնօգտագործման վճար կատարողների կողմից հաշվարկ-հաշվետվությունների ներկայացմանը առնչվող խնդիրները:
Այլ հարցեր
Էլեկտրաէներգիայի` օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր սակագների հետևանքը մեղմելու, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Երևանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից որոշել է հատկացնել 107.923.3 հազ.դրամ:
Գործադիրը «Լիկվոր» ՓԲԸ-ին տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էդգար Ղազարյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության բնագավառում:
***
Նիստի ավարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 26-ից հանրապետություն մուտք կգործեն սիբիրյան ցիկլոնները, ինչի հետևանքով հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը 20 աստիճանով կնվազի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ մոտ 10 աստիճանով:
Հիդրոմետ ծառայությանը հանձնարարվել է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: