Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐ

22.10.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի և Լոռու մարզեր: Հանրապետության Նախագահը Շիրակի մարզում ներկա է գտնվել Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց արվեստի դպրոցի ծրագրերին:

Բարերար Հովհաննես Օյունջյանի հայրենանվեր ձեռնարկումների և նրա հիմնած «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամի խորհրդի նախագահ Եզնիգ Բալյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ելույթներից հետո, մարզպետը Հ. Օյունջյանին շնորհել է մարզի «Պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարերարին պարգևատրել է Մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով: Ի գնահատումն ազգային բարերարի գործունեության, դեռևս 2011 թվականին ՀՀ Նախագահը Հ. Օյունջյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Մայր հայրենիքում, այդ թվում՝ արվեստների և արհեստների մայրաքաղաք Գյումրիում ուսումնական օջախ կառուցելու իր վաղեմի երազանքը իրականություն դարձնելու հնարավորության և աջակցության համար՝ Հովհաննես Օյունջյանն ընդգծել է, որ նպատակ ունի առաջիկայում ևս արվեստի նոր դպրոց հիմնել, որպեսզի Գյումրիում չկորսվեն դարավոր ավանդույթները. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգելի՛ մարզպետ և քաղաքապետ, ԱՄՆ դեսպան, սիրելի՛ հյուրեր, տակավին տարիներ առաջ՝ 2000 թվականին, երբ բացվում էր ծնողներիս անունը կրող վարժարանը, հետևյալ խոսքերն ասացի՝ Հայաստանի դժվարին կացության մեջ եթե կարողացա մեկ հատիկ ցորենի սերմ ցանել և նրա արդյունքը քաղել, ապա ես ինքս ինձ երջանիկ կնկատեմ: Հիմա պետք է ասեմ, որ մեկ հատիկը շատացավ՝ վերածվելով ցորենի հասկի: Ուրեմն, առավել ևս իրավունք ունեմ ինքս ինձ երջանիկ համարել: Մանավանդ, որ արդյունքը ոչ միայն ես եմ քաղում, այլ նաև ողջ Գյումրին և Հայաստան աշխարհը», - «Վարդուհի» արվեստի դպրոցի բացման առիթով հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է բարերար Հովհաննես Օյունջյանը:

Լոռու մարզում Նախագահն այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ նախկինում նույն վայրում եղել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ. ավերիչ երկրաշարժից հիմնովին ոչնչացել էր: Շուրջ մեկ տարի առաջ սկսված Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է ժամանակակից արտադրական հոսքագծերով թռչնաֆաբրիկա: Պատասխանատուների ներկայացմամբ, թռչնամսի արտադրությամբ մասնագիտացվող ընկերությունը բուծելու է համաշխարհային ճանաչում ունեցող մսատու թռչուններ: Թռչնաբուծարանի շահագործումը հնարավորություն կընձեռի շուրջ 25 տոկոսով ավելացնելու թռչնամսի տեղական արտադրությունը, իսկ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսներին՝ իրացնելու իրենց հացահատիկային բերքը: Սպիտակի թռչնաֆաբրիկայի բացումով մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով:

← Վերադառնալ ցուցակին