Լուրեր

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան

20.10.2014

 Հոկտեմբերի 20-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին, որից հետո հաստատել են ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը:

Խորհրդարանը շարունակել է քննարկել «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

Հարակից զեկույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է համապարփակ զեկույց, որն արտահայտում է նաեւ պատգամավորների դիտողություններն ու առաջարկները: Նա ընդգծել է, որ զեկույցը ներկայացնում է ինչպես ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, այնպես էլ մարդու իրավունքների խախտումներն ըստ ոլորտների: Տիկին Վարդանյանը մտահոգություն է հայտնել, որ զեկույցում մատնանշված բազմաթիվ խնդիրներ մինչ օրս լուծում չեն ստացել պատասխանատու կառույցների կողմից: Ըստ նրա՝ գլխադասային հանձնաժողովում զեկույցի քննարկումն անհրաժեշտ է անցկացնել ըստ ոլորտների եւ պատասխանատու անձանց մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին