Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջազգային գիտագործնական համաժողովին
13.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումներ» միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովին, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած պատվիրակություններ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ Հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադատության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն ապահովող, արդարադատության իրականացումը երաշխավորող կառույց է, որի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բնականոն կենսագործունեությունը եւ քաղաքացիներին, իրավաբանական անձանց արդարադատության մատուցումը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն փաստը, որ առանց Ծառայության արդյունավետ գործունեության հնարավոր չէ ապահովել ոչ դատական պաշտպանության իրավունքի, ոչ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, որոնց կարեւոր բաղադրատարր է դատական ակտերի ժամանակին եւ ճիշտ կատարումը: Նրա համոզմամբ՝ ծառայությունը, հանդիսանալով ՀՀ պետական համակարգի երիտասարդ կառույցներից մեկը, առավել կայացածներից է: Նա հույս է հայտնել, որ Ծառայությունը կշարունակի բոլոր անհրաժեշտ եւ հնարավոր աշխատանքները՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության պահանջներին համապատասխանող Ծառայության հետագա կայացմանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ հանձնել նրան համաժողովի խորհուրդը կրող հատուկ հուշանվեր: