Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԵՎ ԱՍՈՐԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎՎԱՊԵՏԻՆ

12.10.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա հրավերով եռօրյա այցով Հայաստան ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդին:

Ողջունելով Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ եկեղեցիների հովվապետերին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է երկու քույր եկեղեցիների փոխհարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետի այցը նոր խթան կհաղորդի երկու քույր եկեղեցիների միջև կառուցողական երկխոսությանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և ասորի քույր եկեղեցիները, հիմնված լինելով միևնույն քրիստոսաբանության ու սրբազան ավանդության վրա, դարեր շարունակ գործել են կողք կողքի՝ իրենց ուրույն նպաստը բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը: Նրանք մեծապես կարևորել են պատմական խորը արմատներ ունեցող հայ և ասորի ժողովուրդների ու եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդումը և Ասորի Ուղղափառ եկեղեցու հովվապետի այցը դիտարկել որպես այդ կապերը խորացնելու փոխադարձ ցանկություն:

Հայ և ասորի ժողովուրդների հազարամյա գոյության առհավատչյան, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, հենց հոգևոր արժեքների և ավանդույթների նկատմամբ հավատարմությունն է:

Ասորի Ուղղափառ եկեղեցու հովվապետը գոհունակությամբ է ընդգծել, որ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է, և ուրախ է, որ այն կատարել է Հայաստանի Հանրապետություն՝ հյուրընկալվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քանզի տարիներ շարունակ վայելել է հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու անվերապահ բարեկամությունը:

Հանդիպմանն անդրադառնալով Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում տևական ճգնաժամի և ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրադրությանը՝ զրուցակիցները նշել են, որ այդ իրավիճակը որպես սեփական ցավ է ընդունվում ինչպես հայ, այնպես էլ ասորի ժողովուրդների կողմից, քանզի Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է: Նրանք ցավով են նշել, որ այսօր Սիրիայի հայկական և ասորական համայնքները այդ երկրի ժողովրդի հետ միասին շարունակում են մարդկային և նյութական մեծ կորուստներ կրել։

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության առաջին իսկ օրերից Հայաստանը հանդես է գալիս դրա շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին՝ համազգային երկխոսության հիման վրա, և հնարավորությունների սահմաններում այդ ուղղությամբ իր համեստ ներդրումն է բերում. մշտապես տարբեր միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում, բարձրաձայնում է Մերձավոր Արևելքի ճգնաժամի արդյունքում իսլամիստական ծայրահեղականների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բարբարոսությունների մասին:

← Վերադառնալ ցուցակին