Լուրեր

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության գլխավոր միջոցառումը՝ Հանրապետության հրապարակում

12.10.2014

 Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում «Երևան՝ իմ տուն» խորագիրը կրող գալա-համերգով ամփոփվել են «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակում վաղ առավոտից տոնական 28 բեմերում մեկնարկած բազմաբնույթ ու բազմաբովանդակ միջոցառումները: Գալա-համերգին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր և գործընկեր քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր։
Նախքան համերգի մեկնարկը, ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանը աշխարհի բոլոր հայերի մեծ տունն է, մասնավորապես նշել է. «Համայն հայության մայրաքաղաք Երևանն այսօր տոնում է իր ծննդյան 2796-րդ տարեդարձը։ Ու այս անգամ մենք այն նշում ենք «Երևան՝ իմ տուն» կարգախոսով, որն առանձնակի խորհուրդ ունի իր մեջ: Երևանը, այո՛, ամենքիս տունն է, և իմ խորին համոզմամբ՝ ոչ միայն երևանցիներիս, այլև աշխարհի բոլոր հայերի տունը: Այս հանգամանքն առավել պարտավորեցնող է, ու նաև լրացուցիչ խթան՝ մեր արածին ավելացնելու և անելիքը ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ իրականացնելու համար: Որ յուրաքանչյուր երևանցի, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի, միշտ հպարտությամբ խոսի ու ներկայացնի իրեն հոգեհարազատ մեծ տունը՝ Երևանը: «Էրեբունի-Երևանը» հրաշալի առիթ է համախմբվելու, մեկտեղելու մեր ջանքերը՝ հանուն մեր պետության ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման և առաջընթացի: Սիրելի՛ երևանցիներ, բոլորիս սրտացավ, հոգատար ու համառ աշխատանքի շնորհիվ է նաև տարեցտարի զարգանում, շենանում, ավելի գեղեցիկ ու հարմարավետ դառնում Երևանը: Ու համոզված եմ, որ այսուհետ ևս տանտիրոջ հոգածությամբ ենք վերաբերվելու մեր տուն Երևանին: Տոնդ շնորհավո՛ր, Երևա՛ն»:
Մինչև ուշ երեկո միջոցառմանը ներկա հազարավոր երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու հայ էստրադայի սիրված երգիչների ու երգչուհիների կատարումները:

← Վերադառնալ ցուցակին