Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է
07.10.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների դարավոր բարեկամությունն ավելի է ամրապնդվելու: Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը այսուհետեւ նույնպես կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա: Նա կարեւորել է մասնավոր հատվածում երկու երկրների համագործակցության զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Դավիթ Ուսուպաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանի իշխանությունները կողմ են տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Վրաստանի ԱԺ խոսնակը կարեւորել է երկու հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը եւ խորացումը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական հարաբերությունները վերընթաց են ապրում: Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսեւորման ու փոխադարձ հարգանքի վրա: Երկու ժողովուրդներին միավորում են նաեւ մշակութային եւ հոգեւոր ընդհանրությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի, ինչը կայուն հիմք է հանդիսանում փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների գործունեությունը: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է նաեւ, որ Հայաստանն ու Վրաստանը ընտրել են միջազգային քաղաքական ինտեգրացիոն տարբեր ուղիներ: Սակայն, նման մոտեցումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների հետագա շփումների ու կապերի համար, այլեւ որոշակի առումով կարող են փոխլրացնել եւ իրենց դրական անդրադարձն ունենալ ոչ միայն միջպետական հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանում գործընկերային եւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Խոսելով մշակութային ոլորտում համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում եւ դա բնական է, քանի որ երկու ժողովուրդների մշակութային կապերը եւ պատմականորեն ձեւավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար: Այդ համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին եւ, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գեւորգ, Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման եւ պահպանության ուղղությամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է եւս մեկ խնդրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելելու երեւույթին: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք:
Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ եւ հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:
Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը: «Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ միջմշակութային հարաբերությունները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում: Եվ դա բնական է, քանի որ հարեւան ժողովուրդների մշակութային կապերը եւ պատմականորեն ձեւավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար: ՀՀ ԱԺ նախագահն այդ համատեքստում Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գեւորգ, Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման եւ պահպանության գործում: Գալուստ Սահակյանը նաեւ մտահոգություն է հայտնել Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ նշելով, որ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վտանգված է ամբողջ արեւելյան քրիստոնեական քաղաքակրթությունը:
Կաթողիկոսը ողջունել է հյուրերին եւ նշել, որ չնայած պատմական ծանր անցյալին՝ հայ եւ վրացի ժողովուրդները կարողացել են ստեղծել մշակութային կոթողներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ եկեղեցիներին, ապա Կաթողիկոսը նշել է` Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ:
Անդրադառնալով Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաց Պատրիարքը համարել է դրանք առավել քան վտանգավոր:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ: