Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մանկավարժներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

03.10.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ներկաներին ուղղված իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու ու կրթելու գործում դրսևորած անմնացորդ նվիրումի համար. «Դարեր ի վեր հայ ժողովուրդն ուսուցչին ավանդաբար վերապահել է ամենաբարձր դիրքը հասարակության մեջ: Ու դա արդարացված է, քանզի անգնահատելի է ձեր մեծ ներդրումը մեր երկրի վաղվա օրվա քաղաքացու ձևավորման, հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու ու կրթելու գործում, որն, ինչ խոսք, դուք կատարում եք անտրտունջ, սիրով ու նվիրումով: Գաղտնիք չէ, որ կիրթ հասարակությունը զարգացած պետություն ունենալու ամենակարևոր նախապայմաններից է, իսկ ամուր պետության հիմքը՝ կրթված քաղաքացին»,- նշել է քաղաքապետը՝ նկատելով նաև, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության ուշադրությունը: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ որդեգրած այս քաղաքականությունը լինելու է շարունակական. «Հզոր երկիր ունենալը, վստա՛հ եմ, բոլորիս ցանկությունն ու նպատակն է, և այն իրականություն դարձնելու գրավականը, անշուշտ, որակյալ և մրցունակ սերունդ կրթելն է: Սա գիտակցելով է, որ այսօր դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է ու մեր պետությունը, նաև Երևանի քաղաքապետարանը ծրագրային հստակ քաղաքականություն է տանում միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրեր կյանքի կոչելու և ուսուցիչների ու աշակերտների համար հարմարավետ միջավայր ապահովելու ուղղությամբ: Չեմ կարող առանձնակի չկարևորել նաև մեր այն սաների ձեռքբերումները, ովքեր ձե՛ր շնորհիվ, սիրելի ուսուցիչներ, տարեցտարի հարստացնելով իրենց գիտելիքները, լուրջ հաջողություններ են գրանցում ոչ միայն քաղաքային ու հանրապետական, այլև միջազգային առարկայական օլիմպիադաներում: Նրանցից յուրաքանչյուրի գրանցած հաջողությունը, վստահաբար, ևս մեկ քայլ է մեր երկրի ու մեր մայրաքաղաքի վաղվա բարեկեցիկ օրվան ընդառաջ»,- նշել է քաղաքապետը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին, շնորհավորելով մանկավարժներին, շնորհակալություն է հայտնել նրանց անբասիր աշխատանքի համար: Նախարարն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի մշտական հոգածությունն ու հետևողական աշխատանքը մայրաքաղաքի կրթօջախների նկատմամբ. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանի ու հատկապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կրթական համակարգի նկատմամբ ուշադրությունը ինձ, որպես կրթության նախարար, ոգևորում և գոհացնում է: Հատուկ շնորհակալություն նաև այս մեծարանքի ու գնահատանքի համար, պարոն Մարգարյան, ինչը, վստահեցնում եմ համակարգի բոլոր աշխատակիցների անունից, շատ բարձր է գնահատվում»,- ընդգծել է ՀՀ ԿԳ նախարարը:
Այնուհետ, Երևանի քաղաքապետի որոշմամբ, Ուսուցչի օրվա կապակցությամբ «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով են պարգևատրվել ոլորտի մի շարք աշխատակիցներ: Տոնական օրվա շրջանակում երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ուսուցչի օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, նրանց մաղթել է նորանոր հաջողություններ իրենց անչափ կարևոր ու պատասխանատու գործում:

← Վերադառնալ ցուցակին