Լուրեր
Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները
02.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի ժամկետի երկարաձգմանը, զեղչային համակարգի կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով: Ամփոփելով վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է լրամշակել հարկային ոլորտին վերաբերող բարեփոխումների փաթեթը և վերջնական տարբերակ ներկայացնել: