Լուրեր
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԶԾ կառավարիչ Հելեն Քլարկին և չեխ գործարարների պատվիրակությանը
29.09.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքն անցած 22 տարիների ընթացքում:
Կառավարության ղեկավարը կարևորել է ընթացիկ 2010-2015թթ ՄԱԿ-Հայաստան շրջանակային փաստաթղթի գնահատման և դրա հաջորդ փուլի` 2016-2020թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ կառավարության շահագրգիռ գերատեսչությունների և ՄԱԿ-ի գրասենյակի սերտ համագործակցության արդյունքում կստեղծվի համապարփակ փաստաթուղթ, որը կնպաստի Հայաստանի հետագա զարգացմանը:
Զրուցակիցները կարևորել են ՄԱԿ-ի տարբեր կառույցների և Հայաստանի համագործակցության խորացումը, ինչպես նաև տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՄԱԿ-ի հետ ակտիվ փոխգործակցության համար և հայտնել ՄԱԶԾ-ի աջակցությունը ՀՀ կառավարության գերակա ծրագրերի իրականացման գործընթացում: Տիկին Քլարկն ընդգծել է, որ ՄԱԶԾ-ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, սահմանների միասնական կառավարման և «Բաց կառավարման գործընկերութուն» ծրագրերի իրականացման գործում:
Այնուհետև վարչապետն ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին:
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում չեխական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորություններն ու հեռանկարները: Չեխ գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցում:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը բաց է արտասահմանյան ներդրումների համար և նշել, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: