Լուրեր

« Կանայք և զարգացումը» համաժողով Չինաստանում

24.09.2014

  Սեպտեմբերի 14-20-ը Չինաստանում անցկացվեց տարածաշրջանային սեմինար` «Կանայք և զարգացումը» թեմայով, որին հրավիրված էր և ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը: Սեմինարին մասնակցել են 10 երկրների ՝ օրենսդիր, գործադիր և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ: Պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը սեմինարում ելույթ ունեցավ ողջույնի խոսքով և թեմատիկ զեկույցով` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կազմավորման և այդ գործում կանանց դերի մասին թեմայով:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ փոխխոսնակը շեշտեց սեմինարի կազմակերպման նշանակությունը, մասնավորապես աշխարհագրական իր մեծ ընդգրկման շնորհիվ (մանակցում էին Չինաստանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի պետությունների կանանց կազմակերպությունների ներկայացուցիչները): Այն ոչ միայն կարևոր հարթակ հանդիսացավ ժամանակակից աշխարհում կանանց խնդիրների և դերի նկատմամբ այդ երկրների մոտեցումների և տեսակետների ներկայացման և քննարկման համար, այլև հնարավորություն տվեց դիտարկել կողմերի միջև համագործակցության հեռանկարները և կոնկրետ կապեր հաստատել` այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու նպատակով:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշելով Չինաստանի առաջնային դերը` կանանց շարժման առավել հավասարակշռված, առաջադեմ և ժամանակակից ձևերի պաշտպանության մեջ, արժևորեց համաժողովի առանձնահատուկ ուղղվածությունը` մասնակից երկրների քաղաքական կուսակցությունների և կանանց կազմակերպությունների միջև փոխշահավետ երկխոսության հաստատման ուղղությամբ, քանի որ սեմինարը նվիրված էր հատկապես տնտեսության և սոցիալական զարգացման հարցերում կանանց մասնակցության, նրանց դերի բարձրացմանն ուղղված գործնական նախագծերի կազմման և հաստատման հարցերին:
ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ այս համաժողովի աշխատանքը նշանակալի ներդրում կունենա հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերի հետագա կատարելագործման խնդրում, լինի դա կառավարման ոլորտը, քաղաքականությունը թե տնտեսական գործունեությունը, կրթության ոլորտը, գիտությունը, գործարարության վարման առանձնահատկությունները, թե մյուս բոլոր ասպարեզները, որտեղ գնալով ավելի մեծ դեր և որակ է ստանում կանանց աշխատանքը:

Ծրագրային զեկուցումների բաժնում Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ «Միավորել կանանց ուժերը Մետաքսի ճանապարհի համատեղ կառուցման գործում» ելույթով:
Համաժողովը հնարավորություն էր տալիս վեր հանել, քննարկել և բացահայտել այն հիմնական միտումները, որոնք դրսևորվում են մարդկային քաղաքակրթության և համաշխարհային մշակույթի զարգացման արդի փուլում: Բոլոր եզրահանգումները հենվում էին համընդհանուր ճանաչում գտած և անվիճելի այն ճշմարտության վրա, որ ազատ առևտուրը, համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը վերջին հաշվով նպաստում են երկրների փոխադարձ բարգավաճմանը, դրան հակառակ` ինքնապարփակումը, բախումները և պատերազմները կործանում են զարգացման հեռանկարները: Այս կտրվածքով Մետաքսի մեծ ճանապարհի ըմբռնումը գլոբալիզացիայի այս դարաշրջանում կարող է դառնալ համաշխարհային զարգացման նոր կապող օղակ և համաշխարհային համակարգերի մեջ նոր կենտրոն: Մետաքսի մեծ ճանապարհը ոչ միայն նշանակալի պատմական երևույթ էր, այլև կարող է կարևոր դաս լինել ապագայի համար: Մետաքսի մեծ ճանապարհը ծառայել է ոչ միայն որպես առևտրի և տնտեսական զարգացման հնարավորություն, այլև մշակույթների երկխոսության, ընդհանրապես մարդկային քաղաքակրթության զարգացման միջոց: Մեր ժամանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող է և պետք է նոր նշանակություն ձեռք բերի որպես նոր տնտեսական միջանցք` քաղաքական շփումների զարգացման, միասնական ճանապարհային ցանցի ստեղծման, առևտրական կապերի հաստատման, մշակութային և տեղեկատվական փոխանակության խթանման ճանապարհով:
Այս գործում այսօր կարող են կարևոր դեր խաղալ նաև կանայք, որոնք իրենց «չափավոր պահպանողականությանը» զուգահեռ, գնալով ավելի մեծ դեր են ստանում նաև արտադրությունների ղեկավարման ոլորտում, աճում է նրանց ազդեցությունը կարևոր որոշումների ընդունման մեջ, ստեղծում են սեփական ձեռնարկություններ և ընկերություններ, աշխատատեղեր մյուս կանանց համար:
Զեկուցման մեջ ներկայացվեց այս ոլորտում վիճակը Հայաստանում: Մեզ մոտ գերիշխող ելակետն է, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ պակաս չափով կախված է կանանց դիրքորոշումից, քաղաքական և տնտեսական կյանքում նրանց ակտիվ մասնակցությունից:
Հայաստանը այսօր ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է տնտեսության ազատականության և շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Տնտեսության ազատականացման աստիճանով մեր երկիրը, ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների վարկանիշային գնահատականի, 2014 թվականին գրավել է 41-րդ տեղը, իսկ ըստ «Դուինգ բիզնես-2014» միջազգային տարեկան զեկույցի, 185 երկրների շարքում զբաղեցնում է 37¬րդ տեղը` Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ: Հայաստանը դեպի ծով ելք չունի, սակայն օժտված է աշխարհագրական շահավետ տեղաբաշխմամբ: Այսօր Հայաստանում իրագործվում են մի շարք խոշոր հասարակական ենթակառուցվածքային նախագծեր, որոնց արդյունքում կաճի երկրով կատարվող միջանցիկ փոխադրումների մակարդակը: Հայաստանն ունի ոչ միայն տարանցիկ երկրի առավելություն, այլև երկկողմ և բազմակողմանի տնտեսական համագործակցության զգալի ներուժ:
Բոլոր առաջադիմական փոփոխությունները Հայաստանում վերաբերում են նաև կանանց: Մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում կանայք սկսեցին ավելի ինքնուրույն որոշումներ կայացնել և դրանց պատասխանատվությունը ստանձնել, նրանցից շատերն իրենց մոտ բացահայտեցին գործարար ընդունակություններ և դրսևորեցին դրանք բիզնեսում:
Հերմինե Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ ներկա դարն ի վերջո լինելու է տնտեսական գործընկերության, իրական սոցիալական համերաշխության և ընդհանուր հաշտեցման ժամանակաշրջան, որը հաշվի է առնում թե' տղամարդկանց, թե' կանանց իրավունքներն ու հնարավորություններն ու շահերը հավասարապես: Եվ Չինաստանում կազմակերպված այս համաժողովը այդ ուղղությամբ ևս մի առաջընթաց քայլ էր:

← Վերադառնալ ցուցակին