Լուրեր

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է « Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպությանը

24.09.2014

 Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության անդամներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունելով հյուրերին խորհրդարանում ՝ նշել է. «Դուք այսօր պատվով կատարում եք ձեր առջեւ դրված խնդիրը՝ նպաստելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու դաստիարակմանը եւ գաղափարների տարածմանը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամենօրյա աշխատանք է պահանջում եւ յուրաքանչյուր ոլորտ, սկսած դպրոցից, իր դերակատարումը պետք է ունենա: Ժամանակները փաստում են, որ դուք մշտապես հավատարիմ եք ձեր որդեգրած առաքելությանը: Ես հպարտ եմ, որ օգոստոսին, սահմանային գոտում տիրող լարվածության ժամանակ, արծիվներն իրենց տեղում էին եւ թշնամուն չհանդուրժող կեցվածքով զգաստ կանգնած էին»:

Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուրախությամբ փաստեց, որ «Հայոց Արծիվներն» այսօր ուրույն դերակատարում ունեն բանակ-հասարակություն կապի ամրպնդման գործում:

«Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը խորհրդարանի ղեկավարին մանրամասնությամբ ներկայացրեց չորսուկես տարիների աշխատանքը եւ խոսեց Հայաստանի սահմաններում տեղակայված գրասենյակների ու մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին