Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՖԻԼԻՊ ԿԱԼՏԵՆԲԱԽԻՆ

22.09.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին հաճախակի են դարձել Ֆրանսիայի խորհրդարանականների այցելությունները Հայաստան: Սերժ Սարգսյանի խոսքով, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները լավ հնարավորություն են մոտիկից ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ ՀՀ Նախագահը ողջունելի է համարել նաև այն հանգամանքը, որ Հայաստան կատարած այցերի ընթացքում ավելի մեծ թվով ֆրանսիացի օրենսդիրներ են ուղևորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, նրա խոսքով, կարևոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից։

Ֆիլիպ Կալտենբախը գոհունակությամբ է խոսել Հայաստանում իր հագեցած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, քննարկումների, նաև ապակենտրոնացված համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի վաղեմի բարեկամն է և մշտապես նրա կողքին է, նշել է, որ խորհրդարանականներն ամեն ջանք կգործադրեն առավել ամրապնդելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները:

Երկուստեք մեծապես կարևորվել է միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության զարգացումը, որը, կողմերի համոզմամբ, հանդիսանում է հայ-ֆրանսիական բազմաշերտ միջպետական օրակարգի առանցքային բաղկացուցիչը։ ՀՀ Նախագահը և Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը համակարծիք են եղել, որ այս առումով միջպետական հարաբերություններում նշանակալի ավանդ ունեն նաև երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, անդրադարձել մեր տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Ֆիլիպ Կալտենբախը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը որոշակիորեն կնպաստի գործընթացի խաղաղ կարգավորման նոր հնարավորությունների որոնմանը:

← Վերադառնալ ցուցակին