Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

21.09.2014

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:

Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն իրականացրեցինք մեզ տրված պատմական հնարավորությունը:

Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է ինտենսիվ եւ հակասական վերափոխումների գործընթացներում: Ուստի եւ միշտ պետք է լինենք զգոն, խնամքով վերաբերվենք մեր ազգային ինքնագիտակցությանը, պետականությանը, լեզվին ու մշակույթին, ազգային արժեքներին:

Սիրելի հայրենակիցներ,

որտեղ էլ որ ապրեն հայերը, նրանց սրտում անմար է հայրենիքի հանդեպ սիրո կրակը: Այսօր այդ կրակն ավելի վառ պահելու, հայրենիքի հանդեպ օրեցօր ավելի ջերմացող զգացմունքների, ավելի պինդ ձեռքսեղմումի եւ ավելի գործնական քայլերի կարիք կա: Գլխավորը միասնական մնալն է ու չընկրկելը, համերաշխ գործելը եւ հաստատակամությունը:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ բարեկեցություն: Թող անկախության յուրաքանչյուր հաջորդ տարեդարձ արձանագրի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության ու համայն հայության կյանքում»:

← Վերադառնալ ցուցակին