Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի պատվիրակությանը

18.09.2014

 Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Քուվեյթի խորհրդարանի հայ-քուվեյթական բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Ֆեյսալ Ֆահդ ալ- Շայիի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում եւ խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունների համար այս այցը գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, եւ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր հարթություններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ փաստեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են պետությունների եւ ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության, միջազգային խաղաղության, անվտանգության ամրապնդման, տարածաշրջանային կայունության սկզբունքները: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հարաբերությունների խոսուն վկան է մեր բազմադարյան ընդհանուր պատմությունը, որի հիմքի վրա այսօր զարգանում են միջպետական հարաբերությունները: ՀՀ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ արաբական բարեկամ պետությունների անաչառ եւ չեզոք մոտեցումը միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ իր լուրջ ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Խոսելով հայ-քուվեյթական բարեկամության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց քուվեյթահայ համայնքի նկատմամբ ջերմ ու հոգատար վերաբերմունքի եւ Սիրիայից տարհանված սիրիահայերին նյութական օժանդակություն ցուցաբերելու համար:

Գալուստ Սահակյանը նշեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ գաղթականների նկատմամբ արաբ ժողովրդի մարդասիրական վերաբերմունքը: ՀՀ ԱԺ նախագահը պատվիրակության անդամներին հրավիրեց 2015 թվականին Հայաստան այցելելու եւ հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ հայ-քուվեյթական առեւտրատնտեսական հարաբերություններին մեծ զարգացում է սպասվում, ինչն ավելի լայն հորիզոններ կբացի հետագա փոխշահավետ համագործակցության համար: Նա նշեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում եւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ-քուվեյթյան համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:

Քուվեյթի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար եւ փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի ողջույնները: Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բարեկամական խմբերի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր եւ անդրադարձ է կատարվել առողջապահության, գիտության եւ այլ ոլորտների ներդրումային ծրագրերին: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշեց, որ Ցեղասպանության եւ ընդհարապես մարդկության դեմ գործված ոճրագործությունների վերաբերյալ Քուվեյթն ունի հստակ վերաբերմունք եւ խաղաղության կոչ է անում բոլորին՝ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի անունից ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբին հրավիրեց Քուվեյթ: Հրավերը սիրով ընդունվեց ՀՀ ԱԺ նախագահի կողմից:

← Վերադառնալ ցուցակին