Լուրեր

Սահմանափակ ջրային պաշարն առավել արդյունավետ կօգտագործվի

18.09.2014

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն: Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել ՀՀ բնապահպանության նախարարի ներկայացրած տեղեկության հիման վրա: Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է գործում ստորջրյա ջրային պաշարի ճնշումային անկման վրա` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ: Կառավարության որոշումը հնարավորություն կտա վերականգնել ստորերկրյա ջրային պաշարի ճնշումային հորիզոնը և մեղմել ջրօգտագործողների շահերի բախումը, ինչպես նաև առավել արդյունավետ օգտագործել սահմանափակ ջրային պաշարը: Շահագրգիռ քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ ջրօգտագործողներին հուզող որոշ խնդիրներ չեն արտացոլվել կառավարության որոշման նախագծում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել և ևս մեկ անգամ քննության առնել սակավաջրության և երաշտի հետևանքով ստեղծված վիճակը, գտնել համապատասխան լուծումներ:

Ֆիզիկական անձը հնարավորություն կստանա իր գույքն առանց մաքսատուրքի ներմուծել Հայաստան

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որպեսզի օտարերկրյա պետությունում քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակում գտնվող պետությունից ՀՀ վերադարձող ֆիզիկական անձը հնարավորություն ստանա առանց մաքսատուրքի վճարման անձնական օգտագործման գույքը երկու տարվա ընթացքում ներմուծել Հայաստան:
Նիստում հավանություն է տրվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և ևս երեք օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը և դրանց վերահսկողությունը: Հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց է եղել նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել հարցը, ուսումնասիրել տուրքի սահմանման միջազգային փորձը և դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնել Ազգային ժողով:
Գործադրի հավանությանն է արժանացել «Արխիվային գործի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կապահովվեն երկրում միջազգային չափորոշիչներին համարժեք էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումը և հետագա պահպանությունն ու օգտագործումը:
Նիստում քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի լրամշակված տարբերակը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրության պահանջներին: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննարկել է «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Օրինագծով սահմանվում է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար: Իր եզրակացության տեքստում գործադիրը ողջունում է նախաձեռնության հեղինակի նպատակադրումը և նշում, որ ՀՀ վարչապետի 2014թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա: Կառավարությունը նախագծի հեղինակին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել ՀՀ կառավարության հետ` Ազգային ժողովի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ կառավարության նախաձեռնած այս օրինագիծը, որն ուղղված է սահմանամերձ համայնքների բնակչության աջակցությանը, պետք է համալրվի ԱԺ պատգամավորների ողջամիտ առաջարկություններով և ծառայի իր նպատակին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Աջակցություն է ստանում ևս երկու ներդրումային ծրագիր

Նոր խմբագրությամբ շարադրելով «Գլաս Քամփնի» ՓԲԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու իր նախկին որոշման հավելվածը, գործադիրը Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա վերակառուցված ձեռնարկությանը հնարավորություն է տվել վերակառուցել նաև վերարտադրման վառարանը, որի համար կներդրվի շուրջ 1,75 մլրդ դրամ: Դրա շնորհիվ կնվազի արտադրանքի ինքնարժեքը, կբարձրանա մրցունակությունը, կստեղծվի մոտ 100 աշխատատեղ:
ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ մինչև 2017թ. սեպտեմբերի 10-ը հետաձգվել է «Ինտերալկո» ՍՊԸ-ի համար, որը նույնպես ներմուծել է 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանք և «Արմենալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում կազմակերպելու է խաղողի թորվածքի, բրենդիի, մրգի սպիրտի և գինու արտադրություն` կատարելով ավելի քան 300 մլն դրամի ներդրում:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Շիրակի և Լոռու մարզերի 2014թ. կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակ է ներառել Շիրակի մարզի Արփենի, Կրասար և Աշոցք համայնքները, որոնց նույնպես աջակցություն կցուցաբերվի։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և դրա իրականացման 2015-2019թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին:
2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ: Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը:
Կառավարության որոշմամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գումար է հատկացվել Երևանի և Գյումրու մեկական արհեստագործական ուսումնարանները սահմանափակ կարողություն ունեցող ուսանողների համար անհրաժեշտ հարմարություններով (սանդուղք, թեքահարթակ, բազրիք, վերելակ) համալրելու նպատակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա կրթական հաստատություններից 13-ի աշխատանքները հետաձգվելու է մինչև 2016-2017թվականներ: Կառավարության նիստին մասնակցող ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրել է խնդրի ուսումնասիրման արդյունքը՝ շինարարական աշխատանքն ավարտելու իրենց հերթին են սպասում մի քանի տասնյակ կրթօջախներ: Հարցը խիստ մտահոգել է վարչապետին, և նա հանձնարարել է այն քննարկել հատուկ խորհրդակցությունում, որպեսզի ընդունելի լուծում գտնվի:

Վերացվում են գործարար միջավայրի զարգացումը խոչընդոտող պատճառները

Նիստում ընդունված որոշումներից երկուսը միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկատվություն ներկայացնելու մասին» որոշումը: Գործընթացի կրճատման արդյունքում կնվազեն տնտեսվարողների ծախսերը:
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է նաև թանկարժեք մետաղ զտարկողների և թանկարժեք մետաղ հարգորոշողների և հարգադրոշմողների որակավորման բարձրացման հարցը: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել է որակավորման քննությունների ավելի թափանցիկ ընթացակարգ:
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել Ռազմական ոստիկանության կառուցվածքն ու անձնական թվաքանակը հաստատելու իր նախկին որոշման առաջին հավելվածը` այն համապատասխանեցնելով ոլորտը կարգավորող օրենքների պահանջներին:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը հստակեցրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի լիազորությունները, ընդլայնել կրթահամալիրի կանոնադրական նպատակները, սահմանել, որ կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացած եկամտի 20 տոկոսն ուղղվելու է կրթահամալիրի հաշվին:
Կառավարության որոշմամբ Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին թույլատրվել է 2014-2015 ուստարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում երեք տարի ժամկետով իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» անգլերեն ծրագիրը:

Այլ հարցեր

2014թ. երկրորդ եռամսյակում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին նվիրաբերվել է մոտ 217 մլն դրամ, իսկ ծախսը կազմել է ավելի քան 200 մլն դրամ. այս ցուցանիշները կառավարության որոշմամբ հաշվառվել են ընթացիկ տարվա պետբյուջեում:
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մոտ 20 մլն դրամ` 2014թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրերի պետական տուրքի վճարը փոխհատուցելու նպատակով:
Գործադիրն ընդունել է Լոռու մարզի Անտառաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Նիստում մինչև ուսումնառության ավարտը` 2018թ. ամառային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի բակալավրիատի սան, Արթիկի բնակիչ Հայկ Տեփանյանին: Արմավիրի բնակիչ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայի սան Արմեն Մկրտչյանը տարկետում է ստացել մինչև ուսումնառության ավարտը` 2015թ. ձմեռային զորակոչը:

← Վերադառնալ ցուցակին