Լուրեր

Ազգային ժողովում կայացավ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը

16.09.2014

 Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նիստը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կարեւոր է, որ կազմակերպությունն արձագանքի մասնակից բոլոր պետությունների կենսական շահերին: Հայաստանի համար դա առաջին հերթին Թուրքիայի հետ փակ սահմանի ապաշրջափակումն է: «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարեւան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքում պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ այդ իրավունքի իրացումը», -իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ 1915 թ. Թուրքիայի իշխանությունների կողմից պետական մակարդակով իրագործված ոճրագործությանը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նրա խոսքով՝ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նա եւս մեկ անգամ կարեւորեց աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: «Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից եւ տասնամյակներ շարունակ իր ժխտողական քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Ռումինիայի պատվիրակության ներկայացուցիչ, ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Իոան Վուլպեսկուն բացման խոսքում ներկայացրեց նիստի օրակարգային հարցերը եւ արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:

Օրակարգը եւ հանձնաժողովի 42-րդ նիստի արձանագրությունը հաստատելուց հետո պատվիրակներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը: «Գենդերային հավասարությունը ՍԾՏՀ տարածաշրջանում. ձեռբերումներն ու մարտահրավերները» զեկույցի նախագծի վերաբերյալ հանդես եկավ Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Լյուդմիլա Բոկովան: Նա ներկայացրեց գենդերային հավասարության խնդիրները տարածաշրջանում, այդ ոլորտում անդամ պետությունների ազգային քաղաքականությունը, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավական հիմքը: Նա ընդգծեց, որ ՍԾՏՀ տարածաշրջանում իրավական բարեփոխումների արդյունքում վերջին տարիներին բարելավվել է գենդերային հավասարությանն առնչվող օրենսդրությունը: Նրա գնահատմամբ՝ ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

Նիստի մասնակիցները զեկույցի նախագիծը հավանության արժանացրին: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի տիկին Բոկովան:

«Գենդերային հավասարությունը ՍԾՏՀ տարածաշրջանում. ձեռբերումներն ու մարտահրավերները» առաջարկության նախագծի վերաբերյալ իր տեսակետները հայտնեց Իոան Վուլպեսկին: Նա շեշտեց, որ ՍԾՏՀ ԽՎ-ն կարեւորում է գենդերային հավասարությանն առնչվող խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկների ներկայացումը՝ անհրաժեշտ համարելով գենդերային եւ ընտանեկան խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումների մշակումը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԽՎ-ն առաջարկում է անդամ-պետությունների խորհրդարաններին եւ կառավարություններին ներկայացնել առաջարկներ եւ լուծումներ օրենսդրական բազայի կատարելագործման համար, մշակել միասնական համակարգ, որը հաշվի կառնի ազգային առանձնահատկությունները ինստիտուցիոնալ մեխանիզմները, նպաստել կանանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Քննարկումների արդյունքում պատվիրակները հավանության արժանացրին առաջարկության նախագիծը: Գլխավոր վեհաժողովում հարցը կներկայացնի պարոն Վուլպեսկին:

Նիստի վերջում որոշում կայացվեց, որ հանձնաժողովի հաջորդ` 44-րդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 15-16-ին՝ Անկարայում: Այդ նիստում որպես օրակարգային հիմնական հարց կքննարկվի «Սպորտի դերը ՍԾՏՀ տարածաշրջանում զբաղվածության եւ հասարակության համերաշխության ամրապնդման գործում» թեման: Հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող նշանակվեց Հունաստանի ներկայացուցիչը՝ Գավրիիլ Ավրամիդիսը:

Սպառելով օրակարգը` երեւանյան նիստն ավարտեց աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին