Լուրեր
Հանդիպում խորհրդարանում
11.09.2014
Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները սեպտեմբերի 11-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներ Ալեն Ներիի, Ժան Բիզեի, Ժան-Մարկ Ժերմենի, Ժակ Ռեմիլյեի հետ:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար՝ նկատելով, որ գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է: Բարեկամական խմբի ղեկավարը ողջունեց նրանց այցը Արցախ եւ կարեւորեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Ալեն Ներին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար եւ նշեց, որ երեք օր իրենք եղել են Արցախում, որտեղից վերադարձել են տպավորված:
Ալեն Ներին ընդգծեց, որ իրենք այցելել են սահմանապահ զինվորներին, որոնք իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ: «Այն արժեքային համակարգը, որ ունի Ֆրանսիան եւ Հայաստանը, պետք է էլ ավելի զարգացնել ու կյանքի կոչել»,-նկատեց Ներին:
Ֆրանսիա -Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Ժերմենն էլ նկատեց, որ իրենց այցը Արցախ ուներ որոշակի քաղաքական ուղերձ՝ կապված վերջին շրջանի սահմանային դեպքերի հետ: Ըստ Ժերմենի` իրենց այցի նպատակն է նաեւ ուղերձ հղել աշխարհին, որ Արցախում պայքար է միայն արժեքների համար` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության:
Նա նաեւ նշեց, որ պետք է էլ ավելի ակտիվացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը:
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Խաչատուր Քոքոբելյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը եւս ողջունեցին հյուրերի այցը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացումը: Խոսելով վերջին շրջանում սահմանային դեպքերից՝ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիային դիրքորոշման համար, հատկապես ՀՀ խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու հարցում:
Կողմերը եւս մեկ անգամ շեշտեցին բարեկամ երկրների միջեւ համագործակցության զարգացումը: