Լուրեր

Բաց դաս Ազգային ժողովում

11.09.2014

 Սեպտեմբերի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի ակադեմիական ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով երեխաներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման ընթացքում:

Ներկայացնելով խորհրդարանի գործունեությունը եւ կառուցվածքը՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին: Գալուստ Սահակյանը հպարտությամբ խոսեց միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների նվաճումների մասին՝ նշելով, որ լավ հայ, լավ քաղաքացի դաստիարակելն այսօր նույնպես նվաճում է եւ կրթության գաղափարախոսության կարեւոր բաղադրիչը: Խորհրդարանի ղեկավարը հորդորեց աշակերտներին լավ սովորել եւ շատ ընթերցել՝ կարեւորելով գեղարվեստական գրականության եւ ընթերցանության դերը հայրենասեր, բարեկիրթ, գրագետ մարդու դաստիարակության գործում:

Այնուհետեւ ԱԺ նախագահը սիրով պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցական ավարտական քննություններին, կրթության բնագավառի բարեփոխումներին, նախամասնագիտական կրթությանը եւ կրթությունն արտասահմանում շարունակելու հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց ուսուցիչների եւ աշակերտների հետ:

← Վերադառնալ ցուցակին