Լուրեր
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
11.09.2014
Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ քառօրյա նիստի աշխատանքին են հետեւում Երեւանի ակադեմիական ավագ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները: Պարոն Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին նրանց:
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը, վավերացրեց միջազգային համաձայնագրերը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2014 թ. մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին 25 տարի ժամկետով տրամադրել 13 մլն 900 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք վարկ? համաձայնագրով նախատեսված ծրագրի նպատակներն իրականացնելու համար, մասնավորապես ներդնելու համար ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ, իրականացնելու աշխատանքի եւ զբաղվածության ոլորտի բարեփոխումներ, արդիականացնելու կենսաթոշակային համակարգը, զարգացնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների, մոնիթորինգի եւ գնահատման համակարգը:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւս համաձայնագրին տվել է դրական եզրակացություն:
Այնուհետեւ ԱԺ պատգամավորները երրորդ ընթերցումով քննարկեցին «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագիծը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար՝ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, երկրորդ ընթերցումով՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2013 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը, որի նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2013 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացի վերաբերյալ: Պարոն Սահակյանը ներկայացրեց ընկերությունների մասնավորեցման եւ լուծարման գործընթացները, ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցման կատարողականը, ընկերությունների լուծարման եւ սնանկացման գործընթացը, «փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հարակից զեկույցում նշեց, որ պատշաճ կարգով ներկայացված հաշվետվություն է, ներառում է բոլոր ոլորտները: Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
ՀԱԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Լեւոն Զուրաբյանը եւ անդրադառնալով մասնավորեցման գործընթացներին Հայաստանում` նշեց, որ քողարկվում են առկա խնդիրները: Լեւոն Զուրաբյանը խոսեց Որոտանի հէկի, «Նաիրիտ» գործարանի խնդիրների մասին:
ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Խոսրով Հարությունյանը: Նա նշեց, որ պետական գույքի կառավարման գործընթացը տնտեսությանը նպաստելու նպատակով է: Նրա խոսքով` այս հաշվետվությունը լիարժեք տեղեկատվություն է պարունակում` գնահատելու նաեւ կառավարության գործունեությունը: Նրա կարծիքով՝ պետք է հավանություն տալ հաշվետվությանը :
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ նշեց, որ իրենք պատրաստ են բաց եւ թափանցիկ քննարկման:
Արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ ցանկացած հարց, որը ներկայացնում է կառավարությունը կամ Ազգային ժողովը, կարող է քննարկվել միայն կոռեկտության սահմաններում: ԱԺ նախագահը նկատեց, որ ժամանակն է ամեն ինչ բերել օրենսդրական դաշտ եւ քննարկել դրանք օրենքի շրջանակներում: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ պետք է աշխատել համատեղ:
Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Մնացական Մնացականյանի, Արմեն Մխիթարյանի, Հակոբ Հակոբյանի հեղինակած «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենքների նախագծի փաթեթը, որը ներկայացրեց Խոսրով Հարությունյանը : Նա նշեց, որ պատգամավորներից առաջարկներ չեն եղել, միայն եղել են կառավարությունից:
Հարակից զեկույցում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշեց, որ օրինագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում:
Հարակից զեկույցում ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց կառավարության դրական եզրակացությունը:
Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը»: Նա ներկայացրեց պատգամավորների կողմից արված առաջարկությունների արդյունքում տեղ գտած փոփոխությունները:
Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին Միքայել Մելքումյանի հեղինակած «Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության դրույքաչափի վերաբերյալ կարգը գործում է դեռեւս 2000 թվականի դեկտեմբերի 30-ից: Անցած տասներեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային համակարգում, քաղաքականության մեջ տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, ներմուծվել է նոր, ժամանակակից գործիքակազմ, կատարելագործվել են օրենսդրությունը եւ վարչարարությունը: Միեւնույն ժամանակ 1998 թվականից սկսած դրույքաչափի նվազեցումներ են կատարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային պարտավորության նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով, մասնավորապես? 1998 թվականի դեկտեմբերի 28-ին այն նվազեցվել է մինչեւ 0.2 տոկոս, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին? ընդհուպ մինչեւ 0.15 տոկոս: Նույն ժամանակաշրջանում պետական տուրքի նկատմամբ հաշվարկվող տույժի դրույքաչափը չի նվազեցվել 0.5 տոկոսից, իսկ տույժի, ըստ էության, առանց դադարելու եւ մայր գումարից ավել հաշվարկվելու մեխանիզմը որեւէ կերպ չի տեղավորվում գործարար շրջանակների, թե իրավակիրառ պրակտիկայի սկբունքների մեջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական տուրքը, ըստ բովանդակության, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` ծառայությունների կամ գործողությունների համար բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է, իսկ միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով դրամական պարտավորությունները չկատարելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը, կարծում են, որ 0.5 տոկոսդրույքաչափն այս համատեքստում առավել քան անընդունելի է:
Հարակից զեկույցում ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության որոշ նկատառումներ, նշեց, որ առաջարկվող մոտեցումը հիմնականում ընդունելի է:
Ամփոփիչ ելույթում Միքայել Մելքումյանը նկատեց, որ ընդունելի են կառավարության դիտարկումները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին » ՀՀ օրենքւմ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարակից ելույթում ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության նկատառումները: Նրա խոսքով`օրենքի նախագծի ընդունումը նպատակահարմար է :
Քննարկվեց նաեւ «Դրամարկղային գործառնությունների մասին » ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը,որը ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային հաշվառման համար հարկ վճարողների կողմից ծախսվող ռեսուրսների կրճատման միջոցով Հայաստանի գործարար միջավայրի առավելագույն չափով բարելավմանը: Նախագծի կարգավորման նպատակը դրամարկղային գրքերն էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորության ստեղծումն է:
Պատգամավորները քննարկեցին «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է օրենքի նախագծով կատարել համապատասխան փոփոխություններ, որոնցով «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում սահմանված ծածկագրերը կհամապատասխանեցվեն Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը: Ծածկագրերի փոփոխության արդյունքում չձայնագրված օպտիկական կրիչները, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայացված նախագծով, պարտադիր դրոշմավորման ենթակա չեն:
Օրենքի նախագծի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում: