Լուրեր
Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին
10.09.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես, վարչապետը կարևորել է Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև տարբեր բնագավառներում, մասնավորապես, ապակեգործության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Յոզեֆ Նովոտնին, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ Չեխիայի նահանգապետները ևս կարևորում են Հայաստանի մարզերի հետ կապերի սերտացումը: Այնուհետև զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է գործարար ֆորումի անցկացումը, որը կնպաստի կողմերի միջև բիզնես ծրագրերի իրականացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:
Զրուցակիցները վստահություն են հայտնել նաև, որ Երևանում անցկացվող հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ամուր հիմք կհանդիսանա:
Կարլովի Վարի երկրամասի նահանգապետն առաջարկել է Չեխիայում և Հայաստանում կազմակերպել ցուցահանդեսներ՝ ներկայացնելով երկու երկրների պատմությունն ու մշակույթը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը խնդրել է Չեխիայի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և ընդգծել, որ նմանատիպ փոխայցելությունները կնպաստեն հայ-չեխական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: