Լուրեր
Մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը
08.09.2014
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանն սկսեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց նստաշրջանի, ապա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգելու եւ քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումները: Խորհրդարանը հաստատեց երկու օրակարգերի եւ որոշումների նախագծերը:
Նստաշրջանի առաջին նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձեւավորվում է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը, ինչը հաստատվեց քվեարկությամբ: ԱԺ նախագահը խմբակցություններին հորդորեց ներկայացնել թեկնածուներ՝ ԱԺ ժամանակավոր հաշվիչ եւ Էթիկայի հանձնաժողովներում ընդգրկվելու համար: ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեցին, որ իրենց խմբակցությունները հրաժարվում են ներկայացուցիչ ունենալ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովում:
Ապա պատգամավորները շարունակեցին նախորդ նստաշրջանում ընդհատված հարցի՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որը հեղինակել են պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Օրենքում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է օրենքի 21-րդ հոդվածը ՀՀ ԱԺ կողմից 2008 թվականին վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նշված հոդվածը սահմանում է, որ հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ ՀՀ կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
Նախագծի վերաբերյալ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կարինե Աճեմյանը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, կազմակերպվել են նաեւ խորհրդարանական լսումներ:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հարակից ելույթում տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ դրական է նաեւ ՀՀ կառավարության կարծիքը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչած առաջարկներին եւ մտահոգություններին, տվեց պարզաբանումներ:
Հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման համար Կարինե Աճեմյանը անհրաժեշտ համարեց նաեւ մասնավոր անձանց ներգրավումը եւ բյուջետային հատկացումների ավելացումը: Տիկին Աճեմյանը կարեւորեց ներկայացված օրինագծի ընդունումը եւ առաջարկեց կողմ քվեարկել:
Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրինագծում կատարվել են որոշակի խստացումներ: Պատգամավորը կոչ արեց առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:
Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:
Հիմնական զեկուցողը նշեց, որ վերոնշյալ օրենքի ընդունումից հետո միջազգային փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների կողմից վեր են հանվել օրենքում առկա որոշ թերություններ: Ըստ Սիմոն Պապյանի՝ ներկայացված օրինագծով վերացվել են մատնանշված թերությունները եւ ըստ բնագավառների դասակարգված նախատեսվող գործունեության տեսակները համապատասխանեցվել են «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի պահանջներին:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Տաճատ Վարդապետյանը:
Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները, ներկայացրին իրենց դիրքորոշումները:
Հարցի առնչությամբ ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին: Նրա գնահատմամբ՝ օրինագծի ընդունումը չպետք է հրատապ կարգով իրականացնել, անհրաժեշտ է կազմակերպել խորհրդարանական լսումներ:
ՀՀԿ խմբակցության տեսակետը պատգամավորներին փոխանցեց Վարդան Այվազյանը: Նա ներկայացրեց օրենքի նախագծի մշակման եւ քննարկումների ընթացակարգերը: Պարոն Այվազյանը նշեց, որ միջազգային կառույցների առաջարկների հիման վրա օրենսդրական նախաձեռնությունը բարելավվել է եւ համապատասխանեցվել է միջազգային չափորոշիչներին:
Եզրափակիչ ելույթում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձավ ելույթների ընթացքում հնչած մտահոգություններին: Նա նշեց, որ պատգամավորների առաջարկները առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն եւ կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների հանձնման ընթացակարգերի կարգավորումը: Օրինագծի հեղինակը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ վարչական իրավախախտումների դեպքում քաղաքացուն հասցեագրված տեղեկանք դիմումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին: Բացի դրանից նախագծով կարգավորված են նաեւ այն դեպքերը, երբ որոշման հասցեատերը ճիշտ չի նշել իր հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված որոշումը: Նշված դեպքերում որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով եւ տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի վաղվա նիստում: