Լուրեր
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
03.09.2014
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված փոփոխություններով առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե մուտքագրվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց նաեւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման կարգին: Այսպես, նախագծով առաջարկվում է հանձնաժողովների անդամներին ընտրել համակարգչում զետեղված եւ պատահական ընտրված թեկնածուներից՝ յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ՝ որոշակի հարաբերակցությամբ: Նշված նախագծերի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորներն ունեին որոշակի մտահոգություններ, որոնց վերաբերյալ արվեցին առաջարկներ:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը քննարկման ներկայացրեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխություններն ըստ զեկուցողի տեխնիկական բնույթի են եւ չեն ազդելու համայնքներին տրվող տարեկան դոտացիաների չափի վրա: Ինչպես նշեց, Պավել Սաֆարյանը, փոփոխությունների նպատակն է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում ամրագրել այնպիսի մոտեցում, որի վրա հարկային օրենքներում կատարվելիք փոփոխություններն այսուհետ կունենան չեզոք ազդեցություն:
Նույն օրը գումարվեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ:
ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի, Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Մխիթարյանի, Կարինե Պողոսյանի,Հեղինե Բիշարյանի, Արտակ Դավթյանի, Նաիրա Զոհրաբյանի, Շուշան Պետրոսյանի եւ Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց հիմնական զեկուցողը՝ Ռուզաննա Մուրադյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում առավել հաճախ կիրառվող որոշակի հասկացությունների օրենսդրական հստակեցման միտումով: Օրենքի նախագծով սահմանվում են «սովորող» եւ «կրթության որակ» տերմինները:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց հեղինակը՝ Թեւան Պողոսյանը: Օրինագծի հեղինակի կարծիքով՝ նախագծի ընդունմամբ, լիցենզիայի պայմանների ու պահանջների եւ ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում,պատժամիջոցների կիրառումը կնպաստի բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը՝ էապես բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը որոշեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել«Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մեծահասակների կրթության մասին», «Արտադպրոցական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին» օրինագծերի քննարկումը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այնուհետեւ ՕԵԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» օրինագծի մասին ՀՀ Կառավարության ոչ դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: