Լուրեր
Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը Ազգային ժողովում
30.08.2014
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպեցին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:
Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց լիտվացի խորհրդարանականներին Արցախի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնության համար: Նա կարեւորեց Լիտվայի Սեյմասում հայ-լիտվական բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ պարոն Զաքարյանը նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է, եւ Հայաստանը խնդրի կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձ կատարեց 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Երեւանում կազմակերպվելիք միջոցառումներին եւ հույս հայտնեց, որ լիտվացի խորհրդարանականներն այդ օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անհրաժեշտ համարեց փորձի փոխանակման եւ օրենսդրական գործունեության համագործակցության առումով երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների միջեւ կապերի ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց տարբեր խորհրդարանական կառույցներում Հայաստան-Լիտվա փոխգործակցությունը, պատգամավորական բարեկամության խմբերի միջեւ սերտ աշխատանքը: