Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լիտվայի խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը
30.08.2014
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց է արձանագրվել: Անդրադառնալով հայ-լիտվական համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց խորհրդարանական կապերը եւ նշեց, որ երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ Լիտվայի խորհրդարանում ձեւավորվել է պատգամավորական բարեկամության մեծ խումբ, իսկ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լիտվա բարեկամության խումբը, որի ղեկավարն այժմ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
Անդրադառնալով Լիտվայի Սեյմասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պատգամավորական բարեկամության խմբի ստեղծմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարծիք հայտնեց, որ բարեկամության խմբի գործունեությամբ ավելի կամրապնդվեն երկու ժողովուրդների ավանդական բնույթ կրող կապերը, եւ կվերականգնվի այն մթնոլորտը, որը բնորոշ էր հայ-լիտվական հարաբերություններին ազգային զարթոնքի շրջանում սկզբնավորված ժողովրդական շարժումների ընթացքում:
ՀՀ ԱԺ նախագահը պատվիրակության անդամներին հրավիրեց 2015 թ.-ին Երեւանում կայանալիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:
Պատվիրակության ղեկավար Դալիա Կուոդիտեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությանը եւ կարեւորեց հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Դալիա Կուոդիտեին պարգեւատրեց ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ լրագրող Րիմվիդաս Վալատկային՝ ՀՀ ԱԺ պատվոգրով: