Լուրեր

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

21.08.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար: «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, և այսօր այն կայուն հիմք է համագործակցության և փոխվստահության ոգով մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, և Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ Վրաստանը ևս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում: Վրաստանի վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42 տոկոսով: «Վստահ ենք, որ առկա է երկկողմ տնտեսական կապերն էլ ավելի զարգացնելու մեծ ներուժ», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում Թբիլիսիում կազմակերպել հայ-վրացական բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ գործարարների միջև համագործակցության սերտացմանն ու ընդլայնմանը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև նոր թափ հաղորդել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին:
ՀՀ կառավարության ղեկավարն, անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին, հիշեցրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ մեր երկիրը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների գործընթացին նոր ուժ հաղորդելու նպատակով: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը որևէ կերպ չի անդրադառնա նաև Վրաստանի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կարող են օգուտ քաղել տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցելու հանգամանքից:
Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների՝ տարբեր ինտեգրացիոն միավորներին անդամակցությունը որևէ արգելք չի հանդիսանա հայ-վրացական տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության վրա: Վրաստանի վարչապետը նշել է, որ տարբեր միավորներին անդամակցության հնարավորությունը Հայաստանն ու Վրաստանը պետք է կարողանան օգտագործել ի օգուտ երկու երկրների: Իրակլի Ղարիբաշվիլիի համոզմամբ՝ դա լավ օրինակ կհանդիսանա միջազգային հանրության համար:
Այնուհետև զրուցակիցները գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկ ոլորտներում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համագործակցության մակարդակից: Վարչապետն, անդրադառնալով Վերին Լարսի անցակետի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքների վերացմանը, հույս է հայտնել, որ սեղմ ժամկետում այն կգործարկվի:
Վրաստանի կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում սողանքի, ինչպես նաև դեպի Հայաստան ձգվող գազատարի վթարի հետևանքները կվերացվեն, և դրանք կսկսեն կանոնավոր գործել:
Երկու երկրների վարչապետները պայմանավորվել են նաև հաջողությամբ շարունակել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության և արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները:
Անդրադառնալով հայ-վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի:
ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի:
Զրուցակիցները քննարկել են նաև Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների գործարկման, ինչպես նաև մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան:

← Վերադառնալ ցուցակին