Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երվանդ Մանարյանի 90-ամյակի կապակցությամբ
09.08.2014
Հարգելի պարոն Մանարյան
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի՝ 90-ամյակի առթիվ:
Ձեր ստեղծագործական ճանապարհը սերտորեն կապված է հայրենական թատրոնի ու կինոյի հետ, որոնց Դուք նվիրվածությամբ ծառայում եք ավելի քան վեց տասնամյակ եւ որոնց կայացմանը, զարգացմանը, նվաճումներին ու հաջողություններին նպաստել եք որպես դերասան, ռեժիսոր ու սցենարիստ:
Ձեր հեղինակած հետաքրքիր սցենարների ու ռեժիսորական պրոֆեսիոնալ մոտեցումների շնորհիվ տասնյակ տարիների ընթացքում նկարահանված բազմաթիվ ֆիլմեր ու բեմադրված ներկայացումներ արժանացել են բարձր գնահատականի: Սակայն հանդիսատեսն առանձնահատուկ ջերմ ու անկեղծ վերաբերմունք է դրսեւորել Ձեր դերասանական արվեստի ու տպավորիչ խաղի հանդեպ: Ձեր մասնակցությամբ ֆիլմերը, վաստակելով ու վայելելով տարբեր սերունդների անկեղծ սերն ու հարգանքը, դարձել են հայրենական կինեմատոգրաֆիայի դասական գործեր:
Այսօր Դուք հեղինակություն եք ոչ միայն արվեստի ու մշակույթի ասպարեզում, այլեւ հասարակական կյանքում՝ լեցուն շարունակական եռանդով ու հաստատակամությամբ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Մանարյան, առողջություն, առույգություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ: