Լուրեր

Շարունակվում են ՀՀ վարչապետի աշխատանքային այցերը ՀՀ մարզեր. կառավարության ղեկավարն այսօր Լոռու մարզում էր

06.08.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911» ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:
Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվել է Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտի համար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորում է 88 աշակերտ: Ծանոթանալով դպրոցի բարեկարգման ծրագրի արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքներից:
Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 116.773.943 ՀՀ դրամ: Այն իրականացվել է 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ ՀՀ կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18.997.923 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախին հատկացվել է 4.038.000 դրամին համարժեք դպրոցական գույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգույցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, փոխարինվել են էլեկտրահաղորդալարերը և պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը և այլն:
Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքն էր: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:

← Վերադառնալ ցուցակին