Լուրեր
Հանրապետության վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզի համայնքներ
02.08.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Ծակքար համայնքից՝ գյուղի դպրոցի նորակառույց մասնաշենքում կատարված շրջայցով: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է իրականացված շինարարական աշխատանքներով, շրջել կրթօջախի դասասենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծակքարի դպրոցի լրացուցիչ՝ նոր մասնաշենքը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով և նախատեսված է տարրական՝ 1-4 դասարանների 180 աշակերտի համար: Շինարարական և հարդարման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մինչև օգոստոսի 20-ը, և սեպտեմբերի 1-ից այն կհանձնվի շահագործման: Ընդհանուր 405 աշակերտ ունեցող այս կրթօջախում ուսումնական գործընթացը 1993 թվականից առ այսօր կազմակերպվել է երկհերթ՝ վեցօրյա աշխատանքային ռեժիմով: Նոր մասնաշենքը հնարավորություն կտա աշխատել մեկ հերթով՝ հնգօրյա աշխատանքային ռեժիմով:
2014 թ. ապրիլին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել է «Սևանի իշխան» ՓԲԸ-ն: Ծրագրի իրականացման նպատակով Գեղարքունիքի մարզում առանձնացվել են անհրաժեշտ հողատարածքներ՝ 120 հա՝ Կարճաղբյուր և 60 հա՝ Լիճք համայնքներում: Ծրագրի առաջին քայլը մանրաձկան տնտեսության հիմնումն է Կարճաղբյուրի վարչական տարածքում: Ձկնաբուծության զարգացման համար նախատեսված տարածքները տեղում ուսումնասիրելու նպատակով Ծակքարից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է վերոնշյալ գյուղեր:
Լիճք համայնքում վարչապետն այցելել է գյուղի նախկին ձկնաբուծարան՝ ժամանակին Գեղարքունիքի մարզի ամենամեծ գործարանը, որն աճեցրել է մանրաձուկ (իշխան և կողակ): Ներկայումս ձկնաբուծարանի տարածքում «Գոս» ՓԲԸ-ն կազմակերպել է խեցգետնի արտադրություն՝ արտահանելով այն հիմնականում Ռուսաստան: Այս տարի, սակայն, ընկերությունն արտահանման խնդիր է ունեցել, քանի որ ռուսական կողմն արգելել է մի շարք ընկերությունների արտադրանքի ներմուծումն աղիքային ցուպիկ հիվանդության պատճառով: Վերջերս «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից տեղում անցկացված ստուգման արդյունքում ընկերության արտադրանքը լիովին համապատասխանել է ներկայացված պահանջներին և արժանացել ուսումնասիրողների գովասանքին: ՓԲԸ-ի տնօրենի խնդրանքով երկրի վարչապետը խոստացել է հնարավորինս աջակցել հարցի արագ կարգավորմանը, որպեսզի ընկերությունը կարողանա վերսկսել խեցգետնի արտահանումը: Իսկ Կարճաղբյուրում Հովիկ Աբրահամյանը շրջել է մանրաձկան տնտեսության հիմնման համար նախատեսված տարածքում: Նշվել է, որ ընդհանուր ծրագրային հզորության դեպքում կարտադրվի մոտ 60 մլն մանրաձուկ, որի 25 տոկոսն անմիջապես բաց կթողնվի լիճ: Նախատեսված է բուծել Սևանի էնդեմիկ՝ բացառապես գեղարքունի և ամառային բախտակ ձկնատեսակներ:
Երկրի վարչապետի՝ Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցը եզրափակվել է Ծովինար համայնքում: Գործադիրի ղեկավարն այցելել է գյուղի հացահատիկի ցանքատարածություններ, դաշտում հանդիպել գյուղացիներին, լսել նրանց հուզող խնդիրները, մասնավորապես, ցանքատարածությունների ջրարբիացման, արտոնյալ պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի (կոմբայն) ձեռքբերման և այլ հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը համայնքի բնակիչների հետ քննարկել է բարձրացված բոլոր խնդիրները և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կօժանդակի այդ հարցերի լուծմանը: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ ուսումնասիրել Ծովինար համայնքի դաշտերի ջրարբիացման հնարավորությունը (խորքային հորերի առկայություն) և զեկուցել արդյունքների մասին: