Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ

29.07.2014

  Հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլեւ նպաստում են հայի ինքնությունը ամբողջացնելուն, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն եւ համախմբված գործունեություն ծավալելուն: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նշեց, որ Հայաստանը հզոր է Սփյուռքով, Լեռնային Ղարաբաղով եւ միասնական է ողջ հայությանը հուզող խնդիրների լուծման գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով պատասխանեց մեր հայրենակիցների հարցերին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Շվեդիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքների ներկայացուցիչներին հուզող հարցերը վերաբերում էին Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմանը, սփյուռքահայությանը վերաբերող ծրագրերի շարունակականությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված միջոցառումներին, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը:

Ադրադառնալով արտագաղթին վերաբերող հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նորանկախ Հայաստանն ունի հզոր ներուժ՝ իր շուրջը համախմբելու ողջ հայությանը, եւ տնտեսությունը զարգացնելու դեպքում արտագաղթն էապես կնվազի:Անդրադառնալով կրթության ոլորտի ձեռքբերումներին` Գալուստ Սահակյանը խոսեց Դիլիջանի միջազգային դպրոցի առաջիկա բացման եւ հայ դպրոցականների՝ միջազգային օլիմպիադաներում ունեցած նվաճումների մասին:

Պարսկահայ համայնքի ներկայացուցչի կողմից հնչեց առաջարկություն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից դարձնել նաեւ սփյուռքահայությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ժամանակին այդ այդպիսի առաջարկություն հնչել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից: Ցանկալի է սփյուռքահայության մասնակցությունը հայրենիքի քաղաքական կյանքին, սակայն կան կազմակերպչական լուրջ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը կբազմապատկվեն, եւ Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Հայաստանում նաեւ կատարելագործելու հայերենը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ամառային դպրոցի մասնակիցների հետ համդիպելու համար եւ նշեց, որ նման ծրագրերը շարունակական են լինելու` նպաստելով Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լուսանկարվեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ:

← Վերադառնալ ցուցակին