Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը
23.07.2014
Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր» ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացվել էին դեռևս 70-80-ական թվականներին: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին ու կայանը սպասարկող անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Քաղաքապետին ներկայացնելով կատարված աշխատանքների ծավալները՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենը նշել է, որ սանիտարական գոտու վերանորոգումն իսկապես անհրաժեշտություն էր: Տարիների ընթացքում խիստ անհրաժեշտություն էր ծագել վերանորոգել ջրհավաք կառույցները, ջրագծերը, ընդունիչ խցերը, սպասարկման ճանապարհը, քլորատունը, ինչպես նաև ապահովել տարածքի գիշերային լուսավորությունը:
«Վերանորոգման ծրագրի շրջանակում ամբողջովին վերակառուցվել են դրենաժային 3 համակարգերը, ինչի արդյունքում ջրամատակարարումը դարձել է ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով: Միևնույն ժամանակ մոտ 15լ/վրկ. ավելացել է սպառողներին մատակարարվող ջրի քանակը: Վերակառուցվել են գործող ջրահավաք խցերն ու կառուցվել է ևս մեկը: Նոր կառուցված խցից ջուրը հիմնական ջրատարին հասցնելու համար կառուցվել է 500 մմ տրամագծով 400 գծամետր մետաղական խողովակաշար: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում վերանորոգվել են նաև էլեկտրաենթակայանը, պահակատունը, սանիտարական գոտին սպասարկող ճանապարհը»,- նշել է Գոռ Գրիգորյանը:
Պատասխանատուները քաղաքապետին նաև զեկուցել են, որ ներկայում այստեղից ինքնահոս եղանակով վայրկյանում 275 լիտր ջուր է մղվում դեպի Ծիծեռնակաբերդի օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից այն մատակարարվում է Կենտրոն վարչական շրջանին՝ մասնավորապես Կիլիկիա թաղամասին, մասամբ նաև՝ Շենգավիթ վարչական շրջանին:
Ծանոթանալով կատարված աշխատանքներին ու ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում. «Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում առկա հիմնախնդիրների շարքում առաջնահերթ կարգավորում են ենթադրում նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումն ու զարգացումը: Եվ այս տեսանկյունից մեր կողմից առանձնակի կարևորվում և խրախուսվում են բոլոր այն նախաձեռնումները, որոնք ուղղված են այդ նպատակին: Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում լուծվեց ևս մեկ շատ կարևոր խնդիր, որի արդյունքում մայրաքաղաքի որոշ տարածքների բնակիչների ջրամատակարարումը ևս դարձավ ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով: Երևանի ջրամատակարարման որակի ապահովմանը զուգահեռ, պետք է հետևողական աշխատանք տարվի նաև մայրաքաղաքում 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել երևանցիներին որակյալ ջրամատակարարում ապահովելուն ուղղված ընկերության կողմից իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը: