Լուրեր

Երևանն ու Ստեփանակերտը փոխգործակցում են արդյունավետ

11.07.2014

 Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:
Ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար: «Երկու տարի առաջ էր, երբ համայն հայության մայրաքաղաք Երևանը բարեկամության և համագործակցության ձեռք մեկնեց Ստեփանակերտին և այսօր, պարոն քաղաքապետ, հաճելի է արձանագրելը, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետորեն, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար», -նշել է Սուրեն Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն իր հերթին, նկատել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության հաստատումն անհրաժեշտություն էր՝ ընդգծելով, որ Ստեփանակերտը Երևանի համար ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին նաև պարտավորեցնող է: «Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես նկատելի է և, հաշվի առնելով, որ այս տարի, ըստ էության, լրանում է երկամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ, այն թարմացնենք և արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք քառամյա ժամկետով: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է համապատասխան օղակների պատասխանատուներին, Ստեփանակերտի գործընկերների հետ միասին, քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Ես համոզված եմ, որ համագործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է Տարոն Մարգարյանին, որ որոշվել է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտի հիմնադրման օր և, օգտվելով առիթից, պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին ԼՂՀ՝ մայրաքաղաքի օրը միասին տոնելու:

← Վերադառնալ ցուցակին