Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է շինբարեկարգման աշխատանքների ընթացքին

08.07.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ այցելել է Արտաշիսյան փողոցի 44/4ա, 44/5, ինչպես նաև Ֆրունզեի 8 և 10 շենքերի հարևանությամբ կառուցվող բակեր: Պատասխանատուները տեղերում քաղաքապետին են ներկայացրել ընթացող աշխատանքների մանրամասները՝ հատկանշելով, որ համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերոնշյալ բակային տարածքները կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով:
Առանձնակի կարևորելով երևանցիների մասնակցությունն իրականացվող ծրագրերում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգվող յուրաքանչյուր բակում ականջալուր լինել բնակիչների առաջարկներին ու կարծիքներին և հաշվի առնել նրանց կողմից առաջադրվող մոտեցումները. «Ինչպես այգիների և պուրակների կառուցման, այնպես էլ բակերի բարեկարգման հարցում մեր քաղաքականությունը հստակ է. միշտ պետք է հաշվի առնել մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Երբեք պետք չէ մոռանալ, որ այս ամենը նախ և առաջ արվում է մեր քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար, ուստի շատ կարևոր է, որ կատարվող աշխատանքն իսկապես լինի մեր բնակիչների սրտով ու լիարժեք ծառայի նրանց: Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ հենց տեղում լսելով նրանց առաջարկները, նախագծերում կատարվում են որոշակի փոփոխություններ, ինչը տարածքի հետագա տնօրինման տեսանկյունից իսկապես ավելի հարմարավետ է դարձնում ստեղծվող միջավայրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Օգտվելով առիթից՝ բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերի համալիր բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար: Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի Եղբայրության փողոց: Հարկ է նկատել, որ տվյալ ճանապարհն ընդգրկվել է Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով հիմնանորոգվող փողոցների ցանկում հենց բնակիչների խնդրանքին ընդառաջելով: Ծրագրի շրջանակում փողոցի ողջ երկայնքով ամբողջությամբ բարեկարգվել ու կանաչապատվել են մայթերի հարակից տարածքները: Տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակիցները սիազամարգերի խնամքի աշխատանքներ էին իրականացնում: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն և աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ կատարված աշխատանքների արդարացի գնահատականը տալու են բնակիչներն ու, ըստ այդմ, պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել աչալուրջ և հետևողական, որևէ թերություն կամ բացթողում բացառելու համար:
Եղբայրության փողոցում ընթացող աշխատանքների ընթացքին հետևելիս, չմերժելով 87-ամյա միայնակ թոշակառուի խնդրանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նրա բնակարան, զրուցել տիկին Մարգարիտայի հետ, ծանոթացել նրա խնդիրներին: Առողջություն մաղթելով տարեց տանտիկնոջը, քաղաքապետը նաև վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում պահել միայնակ կնոջ առօրյա խնդիրներն ու աջակցել նրան:
Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Երևանի հ. 17 գրադարանում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին: Հարկ է նշել, որ 2013թ.-ին մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում ստացավ գրադարանների ջեռուցման խնդիրը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ աշխատակիցները նկատել են, որ ընթերցասեր հասարակության համար հարմարավետ պայմանների ապահովման արդյունքում զգալիորեն կավելանա գրադարանի այցելուների թիվը: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում:

← Վերադառնալ ցուցակին