Լուրեր

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

08.07.2014

 Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դըրք Յան Կոպի հետ:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար շարունակում է օրակարգային մնալ հավասարակշռված մոտեցումներ, քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտներում համագործակցության նկատմամբ:

Պարոն Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի` Մաքսային Միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-Եվրամիություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վրա, քանի որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել եւ զարգացնել Եվրամիության անդամ երկրների հետ ձեւավորված փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում:

Դեսպանը կարեւորեց ՀՀ հետ ԵՄ համագործակցության խնդիրները: Նա նշեց, որ հասկանում, կիսում եւ հարգանքով է վերաբերվում ՀՀ որոշմանը, ինչպես նաեւ անդրադարձավ Արեւելյան գործընկերության ներկայիս հիմնախնդիրներին:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ներկա փուլին՝ պարոն Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ն ամբողջությամբ իրականացրել է Մաքսային միությանն անդամակցելու քարտեզով նախատեսված միջոցառումները եւ այլ նոր խնդիրներ չպետք է ի հայտ գան եւ խոչընդոտ հանդիսանան այդ գործընթացին: Նշվեց, որ այժմ խնդիրը գտնվում է ՄՄ անդամ գործընկեր երկրների քննարկման դաշտում:

Հանդիպման ընթացքում պարոն Զաքարյանը ներկայացրեց ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական եւ տարածաշրջանը վտանգող քաղաքականությունը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում Թուրքիայի ոչ ադեկվատ պահվածքը:

Նշվեց նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ն կարող է կամրջող դեր ունենալ տնտեսական տարբեր միությունների միջեւ՝ հաշվի առնելով ճկուն եւ հավասարակշռված հարաբերությունները:

← Վերադառնալ ցուցակին