Լուրեր

Մամլո հաղորդագրություն

04.07.2014

Հուլիսի 4-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության եւ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացված «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժեւորմանն ու պահպանմանը: Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը, ՀՀ բոլոր մարզերից ծրագրին մասնակից դպրոցների մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ բոլոր մարզերի մասնակից դպրոցներին, համառոտ ներկայացրեց ծրագրի մեկնարկն ու ընթացքը: Ծրագիրը մեկնարկել էր մայիսի 1-ից, որի ընթացքում փորձագետների կողմից մշակված նյութերի հիման վրա ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում մայիսի 19-ին կազմակերպվեց «Ազգային հպարտություն» թեմայով միասնական դաս-սեմինար, որի նպատակն էր դեռահասների շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժեւորման, պահպանման ու մեծարման գիտակցության սերմանումը: Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի դպրոցներում հայտարարվեց «Ես հպարտ եմ, որ...» խորագրով պաստառների մրցույթ: Դպրոցների ուսուցիչների եւ ծնողների աջակցությամբ ստեղծվեցին ազգային արժեքներն ու պետական խորհրդանշանները ներկայացնող պաստառներ: Ստեղծված աշխատանքներն իրենց ընկերներին, ուսուցիչներին, ծնողներին, համայնքի ամդամներին ներկայացնելու նպատակով կազմակերպվեցին ներդպրոցական, համայնքային ցուցահանդես-միջոցառումներ: Ցուցահանդեսների արդյունքում յուրաքանչյուր դպրոցից ընտրված մեկ լավագույն պաստառ տեղադրվեց Facebook սոցիալական ցանցի համապատասխան էջում օն-լայն քվեարկություն կազմակերպելու համար: Քվեարկությանը մասնակցել են հասարակության լայն շերտեր, ովքեր 10 օր շարունակ ակտիվ քվեարկել են իրենց նախընտրած պաստառների հեղինակների օգտին: Քվեարկության արդյունքում ընտրվեցին առավելագույն ձայներ հավաքած 36 լավագույն պաստառներ ներկայացնող դպրոցներ, որոնք ամփոփիչ ցուցահանդես մրցանակաբաշխության ընթացքում պարգեւատրվեցին արժեքավոր մրցանակներով եւ պատվոգրերով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ով կարեւորեց «Ազգային հպարտություն» ծրագրի գաղափարը, ինչպես նաեւ նրա շարունականությունն ու զարգացումը ՀՀ դպրոցներում նոր ուղղություններով` հանձնելով խրախուսական մրցանակներ ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցներին: Մասնակից դպրոցներին խրախուսական մրցանակներ հանձնեցին նաեւ ՀՀ ԿԳ նախարարությունը` ի դեմս հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների ղեկավար Արարատ Ստեփանյանը: Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով: 

← Վերադառնալ ցուցակին