Լուրեր

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք

24.06.2014

 Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա ծրագրերին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ բուժհաստատությունների առաջնային խնդիրը բնակիչներին պատշաճ և բարեհամբույր սպասարկելն է. «Մենք նախարարի հետ արդեն քննարկել ենք ոլորտում առկա խնդիրները և մեր մոտեցումներն ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման հետ կապված: Ըստ էության, մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է ու անփոփոխ. Մեր կողմից ձեզ առաջադրվող հիմնական պահանջը եղել ու մնում է բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցումը, այդ թվում նաև հատուկ ուշադրություն դարձնելով նրանց նկատմամբ ցուցաբերվող պատշաճ վերաբերմունքին: Ավելին, պետք է հաշվի առնել, որ պոլիկլինիկաները բնակիչների համար առողջապահության ոլորտի հետ շփման առաջին օղակն են և այնտեղ այցելող մեր քաղաքացիների զգալի մասը սոցիալապես անապահով են, ուստի մեզ համար առաջնահերթն ու կարևորը նրանց լրացուցիչ հոգսից ազատելը պետք է լինի, ոչ թե նոր հոգսեր ստեղծելը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երևանի քաղաքապետարանը խիստ նպատակային ծրագրեր է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերանորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «2013-ին համայնքային բյուջեով մենք բազմաթիվ նոր բուժսարքավորումներ կարողացանք ձեռք բերել և տրամադրել բուժհաստատություններին: Այս տարի այդ նպատակի համար նախատեսել ենք արդեն գրեթե կրկնապատիկ միջոցներ հատկացնել, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի բուժօգնության առաջնային օղակում արդիական սարքավորումներով սպասարկում իրականացնելուն: Բացի այդ, համաբուժարաններում այսօր նաև վերանորոգման և ջեռուցման ծրագրեր են իրականացվում, որոնք ևս ուղղված են մեր համաքաղաքացիներին որակյալ բուժծառայությունների տրամադրմանը: Վերջին տարիներին մենք նաև սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում հատկապես սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար: Եվ այս ծրագրերը լինելու են շարունակական»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ իր հերթին, կարևորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ բուժհաստատությունները պետք է գործեն մեկ միասնական օրինակելի սկզբունքով, ինչն առավել արդյունավետ ու նպատակային կդարձնի դրանց աշխատանքը. «Սահմանված հստակ աշխատակարգով, նոր մոտեցումներով, պահանջներով ու պետական աջակցությամբ մենք, վստահ եմ, կգրանցենք զգալի արդյունքներ: Մեր առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն հիվանդաբուժությունը, այլեւ մեր բնակիչների առողջության պահպանումն ու հիվանդությունների վաղ հայտնաբերումը: Ըստ այդմ, շեշտը պետք է դրվի առաջնային բուժօղակի կատարելագործման ու հզորացման վրա: Եվ, ինչպես արդարացիորեն նկատեց պարոն Մարգարյանը, շատ կարևոր է բնակչի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, ինչը ևս պետք է լինի օրինակելի»,- նշել է նախարարը:
Մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, հանդիպման շրջանակում իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացրել ոլորտի բարեփոխումների հետ կապված, նաև Երևանի քաղաքապետից և ՀՀ առողջապահության նախարարից ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
Մեկ անգամ ևս առանձնակի կարևորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջադրված պահանջների իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի հսկողությունը լինելու է մշտական. «Ոլորտում, անշուշտ, ունենք դրական տեղաշարժ, սակայն դա դեռևս բավարար համարել չենք կարող, ուստի պետք է ձգտենք անել ավելին: Եվ, ինչպես արդեն ասացի, հատկապես մեր բնակիչների սպասարկման հարցում ձեզանից ակնկալում ենք պատշաճ բուժծառայությունների մատուցում, ինչպես նաև բարյացակամ վերաբերմունք նրանց հանդեպ: Այս ուղղությամբ վերահսկողությունը լինելու է խիստ, և քաղաքացիների կողմից հնչեցվող յուրաքանչյուր ահազանգ լիարժեք կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

← Վերադառնալ ցուցակին