Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ Տ. ՆՈՒՐՀԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
23.06.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:
Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը՝ իր այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին: