Լուրեր

Կբարելավվի գործարար միջավայրը

19.06.2014

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև մետաղե հարմարանքներ, էլեկտրամեկուսացման ճկուն խողովակ, պղնձե գլանվածք և այլ ապրանքատեսակներ՝ արտահանելու անհրաժեշտությամբ: Սակայն արտադրական խնդիրների առաջացման պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել սահմանված ժամկետում արտահանել և անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Կառավարության որոշմամբ հնարավորություն կստեղծվի ավարտել վերամշակման աշխատանքը, արտահանել արտադրանքը՝ կայունացնելով ընկերության ֆինանսական վիճակը , պահպանելով ստեղծված աշխատատեղերը:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Այս ընկերությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում: «Ժամանակավոր ներմուծում»՝ մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքի ավարտը:
Գործադիրը «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» (ՉՀԳ) ԲԲԸ պետական բաժնեմասի կառավարման լիազորությունն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ կանոնադրական կապիտալում որպես լրացուցիչ ներդրում օգտագործել ՉՀԳ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը: 2013թ. օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը կատարել է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. այդ թիվը պետք է հասցվի 10 միլիոնի: Գույքի փոխանցումը լեհական կողմին կպարտավորեցնի շարունակել համամասնական ներդրումները:
Գործադիրն ընդունել է ՀՀ 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում: ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության 2013թ. մայիսի 15-ի համաձայնագրով նախատեսված է փաստաթղթերի և Արարատյան դաշտի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Վեդու ջրամբարի կառուցման նպատակով: Սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելու համար այս ծրագիրը ևս ներառվել է ՀՀ 2014թ. պետբյուջե:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Նիստում հաստատվել է Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի իրավահարաբերությունները: Հավանություն է տրվել տնտեսական, ռազմական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգին:


Հստակեցվում են ոստիկանության գործառույթները


Կառավարության նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար վճարման ենթակա գումարի հատկացումը կատարել ի հաշիվ անձնագրերի և քարտերի իրացումից 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջե փաստացի մուտքագրված պետտուրքի գումարի, նկատի առնելով նաև այն, որ 2014թ. պետբյուջեից հանվել է սովորական անձնագրի բլանկների տպագրության համար տարեկան նախատեսվող գումարը: Հաջորդ որոշումը նպատակ ունի կանոնակարգել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառումը: Նման առարկաները հաշվառումից հանելու հիմք է սահմանվել միայն դրանց հայտնաբերումը, քանի որ նշված օբյեկտներն ունեն ոչ միայն նյութական, այլև առավելապես պատմամշակութային արժեք և հասարակական կարևոր նշանակություն:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ հստակեցվել են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը: Հաշվառելու հիմք է տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու քրեական հետապնդման մարմնի որոշումը, հաշվառումից հանելու հիմք՝ կարճված քրեական գործի արխիվային պահպանման ժամկետի ավարտը: Որոշման արդյունքում առավել կանոնակարգված և արդյունավետ կիրականացվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը կառավարությունը լրացրել է հետևյալ բովանդակությամբ. «Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի տեսաձայնագրության սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ»: Որոշման ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը այն համապատասխանեցրել է «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքների փոփոխություններին, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերություններում ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ քաղաքացու իրավունքների հավասար իրացման հնարավորության ապահովմանը:


Օրենսդրական նախաձեռնություններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալները կանոնակարգող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությամբ:
Գործադիրը քննարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության, դրա միասնական չափանիշների ապահովումը: Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարել նախագծերի փաթեթը, միաժամանակ նշել մասնագիտական լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը՝ խնդրին համապարփակ և արդյունավետ լուծում տալու համար:
Նիստում քննության է առնվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի վերահսկողությունը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել օրինագիծը՝ անելով մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ամբողջովին ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նույնպիսի պայման է առաջադրվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություն և լրացում է առաջարկվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:
Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում: Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները կարող են խտրականության տեղիք տալ:
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են ապաքրեականացնել գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողին կանխամտածված մոլորեցնելը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը: Հիշյալ արարքներն ապաքրեականացնելը չի բխում ՀՀ սահմանադրությունից և տեղին չէ՝ ելնելով դրանց հանրային վտանգավորությունից: Այս և մի շարք այլ նկատառումներով կառավարությունը դեմ է նախագծերի փաթեթի ընդունմանը:
Գործադիրը դեմ է արտահայտվել «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Կառավարությունը խնդիր է դրել հստակ սահմանել այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի այդ, միանվագ դրամական օգնությունը երիտասարդ ընտանիքներին պետք է տրամադրվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի շրջանակում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:
Կառավարությունը համապատասխան հիմնավորումներով բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» և «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքների նախագծերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Այլ հարցեր


Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:

← Վերադառնալ ցուցակին