Լուրեր

Վարչապետն ընդունել է KFW բանկի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին

18.06.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին:
Վարչապետը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը և նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:
Դեսպան Ռայներ Մորելը ևս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը և Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին: Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարևոր այս ծրագիրը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է և առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ:
Գործադիրի ղեկավարը և KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը կարևորել են նաև Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, որը ևս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ կենտրոնական բանկի և KFW-ի համագործակցության արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր՝ բնակարանային վերանորոգման և ՓՄՁ ոլորտներում:
Քննարկվել են նաև դպրոցներում էներգախնայողության, գյուղատնտեսության և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:
Ակնկալվել է, որ աշնանը նախատեսված հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նշված ծրագրերը կմտնեն գործնական փուլ:
Միաժամանակ տեղեկացվել է, որ այժմ բանակցություններ են տարվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում պաշտոնապես հավատարմագրելու ուղղությամբ, ինչը ևս կնպաստի երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին