Լուրեր

Հանդիպում խորհրդարանում

17.06.2014

 Հունիսի 17-ին ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի Եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի եւ Վրաստանի հարցերով զեկուցող Մարտին Փեցոլդի հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Հանդիպման ընթացքում բարեկամության պատգամավորական խմբի անդամները համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է օգտագործել համագործակցության բոլոր ձեւաչափերը, պարբերական դարձնել բարեկամության խմբերի հանդիպումները տեղեկատվության փոխանակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Կարեւորվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական մեծ համայնք ունեցող Գերմանիայում ցեղասպանության թեմայով միջոցառումների ու քննարկումների կազմակերպումը: Փոխգործակցությունն ակտիվացնելու համար առաջարկվեց օգտագործել երկու երկրների միջմարզային համագործակցության, տնտեսության, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության ոլորտներում առկա հնարավորությունները:

Համաձայնելով միջխորհրդարանական կապերի եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին հայ պատգամավորների տեսակետների հետ՝ Մարտին Փեցոլդը հավաստիացրեց, որ ինքն ամեն ինչ անելու է նշված բոլոր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին