Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԱՔՍԵԼ ՖԻՇԵՐԻՆ ԵՎ ԱԼԱՆ ՄԻԼԻՆ

17.06.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:

ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, Հանրապետության Նախագահը կարևորել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը և վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և ոստիկանության ոլորտներում բարեփոխումների և այդ ոլորտներում դեռևս առկա խնդիրների շուրջ:

ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս:

← Վերադառնալ ցուցակին